Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է Ասիայի երկրների վրա ճնշում գործադրելու, ինչպես նաեւ տարածաշրջանն ու Հարավ-Չինական ծովը ռազմականացնելու համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ Սինգապուրում ընթացող Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գծով նախարարական միջոցառման շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ որոշ երկրներ, որոնք տարածաշրջանին չեն պատկանում, այդ թվում՝ ԱՄՆ-ն այս տարածաշրջան ռազմավարական սպառազինություն են ուղարկում, ներառյալ Հարավ-Չինական ծովի ջրատարածք:
«Միանգամայն ակնհայտ է, որ տարածաշրջանում անկայության համար առավել մեծ չափով պատասխանատու են՝ այստեղ ուղարկելով ավիակիրների խումբ: Այս կերպ նրանք երկրների վրա, այդ թվում Չինաստանի վրա ճնշում են գործադրում: Նրանք պատասխանատու են տարածաշրջանի ռազմականացման համար»,- շեշտել է Վան Ին:
«Նման պայմաններում Չինաստանն իրեն սեփական շահերի եւ տարածքների պաշտպանության իրավունք է վերապահում: Մենք հույս ունենք, որ այս տարածաշրջանի մեջ չմտնող երկրները կփոխեն իրենց մտածելակերպը եւ հարգանք կդրսեւորեն»,- հավելել է նա:




























