Նոր հարկային քաղաքականությունը հայկական ռեստորաններին ստիպում է գները բարձրացնել: Բանն այն է, որ 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել հարկման նոր կանոնները, որոնց համաձայն հասարակական սննդի օբյեկտները պետք է հարկ վճարեն ոչ թե քառակուսի մետրով հաշվարկված, ինչպես նախկինում էր, այլ 6 տոկոս շրջանառության հարկ:

Մի կողմից 6 տոկոս շրջանառության հարկից հնարավոր է 3 տոկոս հարկային պահում կատարել սննդամթերքի գնումներից եւ կոմունալ ծառայություններից: Սակայն հաշվի առնելով այն, որ շուկայի վաճառողները եւ ռեստորաններին մթերք մատակարարող գյուղացիները դրամարկղային սարքեր չեն օգտագործում, անհասկանալի է, թե այս հարցն ինչպես է կարգավորվելու:

Հարկային փոփոխությունների փաթեթն առաջարկել էր դեռեւս նախորդ կառավարությունը, եւ նախապես այն նախատեսում էր ռեստորաններին հարկել 10-տոկոսանոց շրջանառության հարկով: Ռեստորանների հետ բանակցություններից հետո որոշվեց նոր հարկումն աստիճանաբար ներդնել. այս տարվա հուլիսի 1-ից՝ շրջանառության 6 տոկոսը, 2019 թվականի հունվարի 1-ից՝ 8 տոկոսը, 2020 թվականի հունվարի 1-ից՝ 10 տոկոսը: Այս ուղղումները խորհրդարանն ընդունեց ընթացիկ տարվա հունիսին:

Մինչդեռ ռեստորանները, որոնց շրջանում NEWS.am-ը հարցում է անցկացրել, կարծում են, որ շրջանառության նույնիսկ 6 տոկոսն իրենց ուժերից վեր թիվ է, այն պետք է նվազեցնել մինչեւ 2.5-3 տոկոս:

«Yerevan Food Fest»-ի ղեկավար Աննա Մազմանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ռեստորանային բիզնեսը Հայաստանում ամենակայացածներից մեկն է, եւ ճիշտ մոտեցման դեպքում դրա հետ միաժամանակ կարելի է զարգացնել տուրիզմը, այդ թվում՝ գաստրոտուրիզմը եւ ագրոտուրիզմը:

Նա ուշադրություն դարձրեց այն փաստին, որ լավ կազմակերպված ռեստորանը աշխատում է արտադրողների եւ մատակարարների հետ՝ նրանց ցույց տալով, թե շուկայում հատկապես որ մթերքներն ունեն պահանջարկ: «Այսպիսով, խոսքը գյուղատնտեսության զարգացման մեջ ռեստորանների ծանրակշիռ ավանդի մասին է: Եթե մենք ցանկանում ենք երկրի տնտեսությունը զարգացնել, ապա պետք է հաշվի առնենք նաեւ այս նրբությունները»,- նշեց նա:

Մազմանյանն ընդգծեց, որ մարզային ռեստորանները բացարձակապես պատրաստ չեն նման հարկային տոկոսադրույքներին: «Իմ կանխատեսմամբ՝ այս հարկային քաղաքականության ներդրումից հետո մեկ տարի անց այլեւս չի լինի մեկը, ումից հարկ հավաքեն: Գոյատեւելու համար ռեստորանները ստիպված կլինեն գները բարձրացնել»,- հավելեց փորձագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը տուրիստական շուկայում մրցունակ է մատչելի գնով որակի շնորհիվ: Մինչդեռ ռեստորաններում գների բարձրացումն ավտոմատ կհանգեցնի տուրփաթեթների արժեքի բարձրացմանը, որոնք առանց այն էլ էժան չեն թանկարժեք ավիաթռիչքների պատճառով: Սա պարտադիր «կհարվածի» նաեւ ազգային խոհանոցին՝ որպես ներդրումային բրենդ:

Նրա կարծիքով՝ նման հարկում մտցնելու համար առաջին հերթին անհրաժեշտ էր մարզերը համապատասխանեցնել այս բարձր պահանջներին: «Որպեսզի գյուղացիներն իրենց արտադրանքը վաճառեն դրամարկղային կտրոնով, անհրաժեշտ է լուրջ աշխատանք իրականացնել, եւ յուրաքանչյուր մարզում նվազագույնը ստեղծել արտադրողների ասոցիացիաներ»,- նշեց Մազմանյանը:

Ինչպես նշվեց, արմատապես սխալ է Հայաստանի հարկային օրենսդրությունը համեմատել մյուս երկրների հարկային օրենսդրության հետ, քանի որ մյուս երկրներում ՀՆԱ այլ մակարդակ է, այլ աշխատավարձեր եւ գնողունակության այլ մակարդակ:

«Հայաստանի ռեստորանային բիզնեսի մեջ պրոֆեսիոնալներ են ներգրավված, որոնք կարող են ներդրումներ իրականացնել ցանկացած այլ երկրում: Սակայն նրանք Հայաստանն են ընտրել: Նոր հարկային քաղաքականությունը նրանց կստիպի ներդրումներ կատարել ոչ թե հայրենիքում, այլ արտասահմանում»,- շեշտեց նա:

«Եթե կառավարությունը ցանկանում է տնտեսությունը զարգացնել, ապա պետք է իր առջեւ երկարաժամկետ նպատակներ դնի՝ 10-15 տարի առաջանցիկ, հարկային եւ տնտեսական քաղաքականությունը գրագետ կառուցի: Խոսքն այն մասին չէ, որ ռեստորանները չեն ցանկանում հարկեր վճարել: Խոսքն այն մասին է, որ այս հարցը պահանջում է բազմակողմանի ուսումնասիրություն եւ գրագետ մոտեցում՝ հաշվի առնելով Հայաստանում գոյություն ունեցող խնդիրները»,- ամփոփեց փորձագետը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հայ խոհարարական ավանդույթների. զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ հարկերի նման զգալի աճը կստիպի ռեստորաններին գնալ գների բարձրացման ճանապարհով: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ նոր հարկային քաղաքականությունը չի քննարկվել ռեստորանային բիզնեսի խոշոր ներկայացուցիչների հետ:

«Պետք է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումներ անցկացվեին, ինչը չի արվել: Կարծում եմ, որ հարկային քաղաքականությունը պետք է ավելի խնայող լինի՝ հաշվի առնելով ռեստորանների առանձնահատկությունները: Վստահ եմ, որ շատ ռեստորաններ չեն կարողանա դիմանալ հարկային նոր բեռին եւ կփակվեն»,- ասաց նա:

Մամուլյանի խոսքով՝ հարվածի տակ առաջին հերթին կհայտնվեն ազգային խոհանոցի ռեստորանները, որոնք ավելի որակյալ սնունդ են առաջարկում, քան էժանագին «ա-լյա  Կովկաս» արագ սնունդն է (օրինակ `շաուրմա):

Գների բարձրացման դեպքում (ինչը հարկադրման ներկայիս պայմաններում պարզապես անխուսափելի է), նրանք անմրցունակ կդառնան հայկական խոհանոցի ապրանքանիշի տակ շաուրմա եւ իքի-բիր առաջարկող արագ սննդի կետերի համեմատ:

«Այս ամենը կարող է բացասական դեր խաղալ ազգային խոհանոցի զարգացման գործում, որն արդեն ճանաչելի ապրանքանիշ է դարձել զբոսաշրջության շուկայում»,- նշեց խոհարարը:

Հայաստանի ռեստորատորների միությունն ահազանգում է՝ շրջանառության  10 տոկոսանոց հարկն աղետալի կլինի ռեստորանային բիզնեսի համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնող խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը նշեց, որ 20 տարվա ընթացքում ռեստորանները հարկ են վճարել քառակուսի մետրի համար՝ կախված ռեստորանի գտնվելու վայրից:

«Այս լիբերալ օրենսդրության շնորհիվ Հայաստանում ռեստորանային արդյունաբերությունն արագ տեմպերով զարգանում էր: Մինչդեռ, այսօր մենք հայտնվել ենք հարկային բեռի բազմապատիկ աճի առջեւ», - ասաց նա:

«Եթե մենք զուգահեռներ անցկացնենք մեկ քառակուսի մետրի համար նախորդ հարկի հետ, ապա նախկինում մենք միջինում վճարում էինք շրջանառության, կոպիտ ասած, 2 տոկոսը: Այսօր այս ցուցանիշը 6 տոկոս է կազմում: Արդյունքում, շատ ռեստորանները արդեն իսկ բարձրացրել են գները 5-10 տոկոսով կամ պատրաստվում են գնալ այդ քայլին: Ռեստորաններում գների հաջորդ աճը կլինի հաջորդ տարվա հունվարին, երբ շրջանառության հարկը կաճի մինչեւ 8 տոկոս»,- տեղեկացրեց Բարսեղյանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանում վերջին 10 տարվա ընթացքում կոմունալ ծառայությունների սակագները մի քանի անգամ բարձրացվել են: Բացի այդ, նշված ժամանակահատվածում աշխատավարձերը եւս երկու-երեք անգամ բարձրացվել են, բիզնեսի վարման այլ ծախսերը եւս ավելացվել են: «Սակայն իրենց շահույթի հաշվին ռեստորատորները երկու անգամ գները չեն բարձրացրել, եւ դրանով իսկ փոխհատուցում էին գնաճը»,- հավելեց նա:

Սակայն նոր հարկային քաղաքականությունն իր կանոններն է թելադրում, եւ ռեստորատորներին այլ բան չի մնում, քան վերանայել ճաշացանկի քները: Փորձագետի կարծիքով՝ ծանր իրավիճակում, առաջին հերթին, կհայտնվեն մարզերում գտնվող ռեստորանները:

«Մեկուկես տարում մեր հարկերը երեք անգամ կավելանան: Կարծում եմ, որ արդար հարկային դրույքաչափը շրջանառության 2.5-3 տոկոսն է»,- ընդգծեց Բարսեղյանը:

Փորձագետների մոտ տարակուսանք է առաջացնում նաեւ այն փաստը, որ, ըստ էության, ռեստորանները պետք է ՀԴՄ կտրոններ պահանջեն առեւտրականներից: Մինչդեռ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ շուկայում առեւտրականներից քչերի մոտ հսկիչ-դրամարկղային մեքենաներ կան, այն էլ՝ նոր սերնդի:

Այսօրվա դրությամբ ռեստորաններն իրենց գնումների առյուծի բաժինը կատարում են շուկաներում: Իսկ այսօր նոր պահանջներին համապատասխանելու համար նրանք ստիպված կլինեն ապրանքներ գնել ավելի թանկ խանութներից, որտեղ ՀԴՄ կտրոններ են տալիս: Սա, իր հերթին, եւս կարող է ազդել ճաշացանկի գների վրա:

Բարսեղյանը տեղեկացրեց, որ ոլորտի ներկայացուցիչներն այս հարցերը բարձրացրել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ժամանակ, սակայն մինչ օրս որեւէ դրական զարգացում չի արձանագրվել, ընդհակառակը՝ ռեստորաններում զանգվածային ստուգումներ են սկսվել, ընդ որում, նույն ռեստորանը կարող է երկու կամ անգամ երեք անգամ հարկայինի «թիրախի տակ հայտնվել»:

«Հուլիսի 1-ից ավելացել են նաեւ հարկային պատժամիջոցները: Օրինակ, ՀԴՄ կտրոնը չտպելու համար տուգանքը 150 հազարից բարձրացվել է մինչեւ 600 հազար դրամ: Այս ամենը ռեստորաններին շատ բարդ իրավիճակի մեջ է դնում»,- հավելեց փորձագետը:

Բարսեղյանն ընդգծեց, որ ռեստորանները չեն հրաժարվում հարկեր վճարելուց, սակայն այդ բոլոր որոշումները կայացվել են առանց ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ խորհրդակցելու եւ հղի են բացասական հետեւանքներով: «Մենք մտավախություն ունենք, որ արդյունքում որոշ ռեստորաններ պարզապես կդադարեցնեն իրենց գոյությունը»,- նշեց Բարսեղյանը: