Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, ամենայն հավանականությամբ, կձգվի մինչեւ վերջին պահը եւ անիրական է մինչեւ տարվա վերջ սպասել երկու երկրների միջեւ սահմանների բացմանը։ Նման կարծիք է սեպտեմբերի 18-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի քաղաքական կուսակցությունների հետ երկրի ԱԳՆ ղեկավարի քաղաքական խորհրդատվությունները։

«Հարկավոր է այնուամենայնիվ հիշել, որ „Արդարություն ու զարգացում“ կուսակցությունը մեծամասնություն է կազմում խորհրդարանում, իսկ փաստաթուղթը վավերացվելու է ձայների մեծամասնությամբ»,- նշել է փորձագետը։ Այսպիսով, ըստ Շաքարյանի, ցանկության դեպքում, վարչապետ Էրդողանը կարող է «առաջ մղել արձանագրությունները՝ հաշվի չառնելով ո՜չ ընդդիմության, ո՜չ այլ կուսակցությունների կարծիքը։ Ամեն բան կախված է այդ կուսակցության կամքից»։

Այն հարցի վերաբերյալ, թե Թուրքիայի բարձրաստիճան շատ պաշտոնյաներ հայտարարում են, որ հաշվի կառնվեն Ադրբեջանի շահերը, Շաքարյանն ասել է, թե այդ պատրվակով Թուրքիան ավելի շուտ առաջ է մղում սեփական շահերը, եւ այդ բոլոր հայտարարություններն ընդամենը քողարկման միջոց են։

Ըստ նրա, եթե վավերացումը տեղի չունենա մինչեւ 2010 թվականի ապրիլի 24-ը, ապա հետո դա անելը գրեթե անհնար կլինի, քանզի երկրում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, իսկ «այդ ժամանակ Հայաստանի հետ հարց լուծելը հավասարազոր է քաղաքական ինքնասպանության»։ «Եթե մինչեւ ապրիլ խորհրդարանը հավանություն չտա արձանագրություններին, ապա ավելի ուշ անիմաստ է սպասել դրան»։