Շատ բարդ իրավիճակում ենք, երկրում լրջագույն քաղաքական ճգնաժամ է ստեղծվել: Այսօր՝ օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նրանք, ովքեր պարտվել են, ովքեր հակապետական գործունեություն էին ծավալում, հիմա էլ շարունակում են նույն քաղաքականությունը:
Քաղաքագետի կարծիքով՝ արտահերթ ընտրությունները կլինեն կա՛մ 2019 թվականի ձմռանը, կա՛մ գարնանը: Նա նաեւ կարծում է, որ, հեղափոխության տրամաբանությամբ, Ազգային ժողովը պետք է հենց Հանրապետության հրապարակում ցրվեր, Սահմանադրությունն էլ՝ կասեցվեր:
Նա պատահական չհամարեց, որ հակահեղափոխականները միավորվեցին Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության շուրջ: «ՀՀԿ-ի հեռացումը տեղի ունեցավ «Մերժիր Սերժին» կարգախոսով, բայց Ռոբերտ Քոչարյանի մասին խոսք չկար, քանի որ նա արդեն հեռացել էր պաշտոնից, նրա մասին ինչ-որ առումով մոռացվել էր, ուստի քանի որ Քոչարյանը չէր մերժվել հեղափոխության ընթացքում, հիմա փորձում են համախմբվել Քոչարյանի շուրջ»,- հավելեց քաղաքագետը։
Նա կոչ արեց ձերբակալել մյուս երկու նախագահներին եւս. «Մենք հեղափոխությունը չենք ավարտել, դեռ 10 տոկոսն էլ չենք արել, պետք է այն ավարտին հասցնենք։ Պետք է ստիպել իշխանություններին՝ ձերբակալել մյուս երկու նախագահներին եւս, պարզվեն այն հանցագործությունները, որ կատարել են նրանք։ Պետք է ձերբակալել նաեւ ՀՀԿ պատգամավորներին, քանի որ դա է հեղափոխության տրամաբանությունը»։
Մեկնաբանելով ռուսական կողմից այն մեկնաբանությունները, որ Խաչատուրովին առաջադրված մեղադրանքը հարվածում է ՀԱՊԿ հեղինակությանը, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ պետք էր Խաչատուրովին հետ կանչել, նոր միայն մեղադրանք առաջադրել. Խաչատուրովը եւս պետք է կալանավորվեր, ինչը չի արվել, քանի որ նա ՀԱՊԿ քարտուղարն է։





























