Եթե Իրանը ցանկանում է խուսափել ԱՄՆ-ի պատժամիջոցների վերսկսումից, ապա պետք է ընդունի բանակցությունների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Պատասխանելով հարցին, թե ինչ կարող են անել Իրանի ղեկավարները, Բոլթոնն ասել է. «Նրանք կարող էին ընդունել բանակցությունների մասին նախագահի առաջարկը, լիովին հրաժարվել իրենց բալիստիկ հրթիռների եւ միջուկային զենքի ծրագրերից եւ վերանայել Իրանի միջուկային համաձայնագրի որոշ դրույթներ, որոնք իսկապես բավարար չեն»:

Նրա խոսքով, եթե Իրանը լուրջ է տրամադրված, ապա կնստի բանակցային սեղանի շուրջ: