ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Վերին Լարսի անցակետում, որտեղ կարգավորվում է էլեկտրոնային հերթագրումը, հանդիպել և զրուցել են հայ վարորդների հետ, լսել նրանց դժգոհությունները՝ կապված անցակետի գործունեության հետ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության լրատվական ծառայությունից:

Կուտակումների հիմնական պատճառը, ըստ նախնական տվյալների, զբոսաշրջային հոսքերի ավելացումն է: Անցակետերում առաջնահերթությունը տրվում է մարդատար մեքենաներին, ինչի հետևանքով բեռնատար մեքենաների անցումը ձգձգվում է: Ըստ վարորդների՝ վրացական կողմում այն տևում է 3-4 օր:

Նախարարն ու դեսպանը Վերին Լարսում կարճ հանդիպում են ունեցել նաեւ վրացի գործընկերների հետ: Վերջինները հավաստիացրել են, որ մարդատար յուրաքանչյուր մեքենայի ձևակերպումները տևում են ոչ ավելի, քան 2 րոպե, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցներինը՝ առավելագույնը 10-15 րոպե (հաճախ ավելի պակաս):

Աշոտ Հակոբյանն ու Ռուբեն Սադոյանը պատրաստվում են նաեւ ռուսական անցակետում հանդիպել ռուս գործընկերներ հետ: