Երկպալատանի խորհրդարան ստեղծելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների առաջ քաշած գաղափարը իրավական առումով իրագործելի է եւ կարող է արդյունավետ դարձնել օրենսդիր մարմնի գործունեությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ նման խորհրդարանի ստեղծումը պահանջում է սահմանադրական որոշակի փոփոխություններ, եւ որոշակի պահանջների գործադրում:
Մասնավորապես, ըստ պատգամավորի, երկպալատանի խորհրդարանի ընտրությունների անցկացման ընտրակարգը եւս պետք է հստակ սահմանված լինի, եւ Պալատը պետք է ձեւավորվի ոչ թե մեծամասնական, այլ համամասնական ընտրակարգով՝ կուսակցությունների սկզբունքով ձեւավորված: Երկպալատանի խորհրդարանի անդամ դառնալու համար, Մինասյանի խոսքով, ՀՀ քաղաքացիությունը պարտադիր պայման պետք է լինի, որպեսզի ՀՀ Սահմանդրական կարգի հիմնադրույթները տարածելի լինեն Պալատի անդամների վրա:
«Ես կարծում եմ, որ նման պալատի ստեղծումը կարող է շատ օգտակար լինել մեր երկրի օրենսդրական դաշտի կատարելագործման համար, եթե այդ մարմինը արդյունավետ գործի, այլ ոչ թե պարզապես ձեւականություն լինի»,-հայտարարեց պատգամավորը:
Նկատենք, որ Համահայկական խորհրդարան ստեղծելու գաղափարով հանդես է եկել նաեւ ՀՅԴ-ն: ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը ՀՅԴ ստեղծման 120 ամյակի առթիվ դեռեւս 2010 թվականի դեկտեմբերին Տորոնտոյի համալսարանում հնչած իր ելույթում առաջ քաշեց համահայկական սենատ ստեղծելու գաղափարը: Նա իր ելույթում մասնավորապես առաջարկեց. «Ընդլայնենք ՀՀ Ազգային Ժողովի կազմը կամ առաջացնենք վերադաս համահայկական նոր սենատ, դարձնենք այն համահայկական որտեղ նաեւ ներկայացուցիչներ լինեն արտերկրից: Ճիշտ կլինի որ այն ընտրվի համամասնական ցուցակով շրջանային կամ համասփյուռքյան մակարդակով, թող նրանք մասնակից լինեն Ազգային Ժողովի բոլոր քննարկումներին, սակայն նրանց վերապահենք համահայկական օրակարգերով վճռական ձայնի իրավունք: Առաջարկությունս դեռ լուրջ քննարկում ու մշակում է պահանջում, բայց այն նոր գյուտ չէ, այդպես են վարվել նաեւ այն պետությունները, որոնք ունեն մեծ սփյուռք»:
Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխությամբ երկպալատանի խորհրդարան ստեղծելու Սերժ Սարգսայնի մտադրության մասին հայտարարեց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Կալիֆորնիայում հայ համայնքի բոլոր կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, այդ քայլով հնարավորություն կստեղծվի որ աշխարհասփյուռ հայությունը մասնակից դառնա մեր երկրի պետական կառավարմանը:
Նրա այս հայտարարությունից հետո մեկնաբանությամբ հանդես եկավ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:
Վերջինս նշել է, որ դեռ 2010թ մայիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկում էր տեղի ունեցել Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնման ուղիների մասին եւ առաջարկվել էր խորհրդի անդամներին մեկ տարի անց գաղափարներ ներկայացնել այդ առնչությամբ:
«Սա հնարավոր առաջարկներից մեկն է, որ բազմաթիվ ուրիշների շարքում արժանի է քննարկման»,-հայտարարել էր Արզումանյանը:





























