Տեղացած առատ ձյան հետեւանքով դեպի Երեւան եւ Երեւանից այլ ուղղություններով իրականացվող ոչ մի չվերթ փետրվարի 2-ին չի հետաձգվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը։

«Այսօր տեղի ունեցած վերջին վայրէջքը տեղի է ունեցել 11։10՝ Հալեպ-Երեւան, մյուսը լինելու է 13։20՝ Դուբայ-Երեւան։ Դեպի «Զվարթնոց» օդանավակայան վայրէջքները կատարվել են առանց ուշացումների, ուշացում չի եղել նաեւ թռիչքների առումով։ Այնպես որ կարելի է ասել՝ իդեալական վիճակ է»,-վստահեցրեց Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ երեկ եղանակային վատ պայմանների հետեւանքով որոշ չվերթներ փոքր ինչ ուշացումով են տեղի ունեցել։

«Խնդիրը կապված էր առատ ձյան հետ, հարկավոր էր շփման գործակիցն ապահովել, եւ այդ ուղղությամբ օդանավակայանը կարողացավ արդյունավետ աշխատանքեր իրականացնել եւ դուրս եկանք այդ իրավիճակից»,-նշեց «Զվարթնոցի» մամուլի խոսնակը։