Երկպալատանի խորհրդարան ստեղծելու ՀՀ իշխանությունների առաջ քաշած գաղափարը նպատակ ունի չեզոքացնել սփյուռքում հայ-թուրքական արձանագրությունների առաջացրած հակազդեցությունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ այսպիսով փորձ է արվում մի քանի տարով շահել Սփյուռքի մեր հայրենակիցների սիրտը։

«Ներկա պայմաններում Սփյուռքին Հայաստանում ընթացող գործընթացներում ներգրավելու համար կան մի շարք եղանակներ, որոնք կարող է կիրառել իշխանությունը։ Սակայն քանի որ մեզ մոտ իմիտացիան ամենաընդունված գործելաոճն է, ուստի երկպակլատանի խորհրդարանի գաղափարն էլ այդ իմիտացիոն գործընթացների շարքից է»,-հայտարարեց Մարտիրոսյանը, նկատելով, որ միջազգային պրակտիկայում, մասնավորապես Հունաստանում տարիներ առաջ նման փորձ կիրառվել է, սակայն այն արդյունավետ չի եղել, եւ մշտապես խնդիրներ են առաջացել՝ կապված այս կամ այն գաղթօջախին հատկացված քվոտաների քանակի հետ։

NEWS.am-ի հարցին, թե երկպլատանի խորհրդարանի ներդրումը արդյոք կնպաստի՞ ներգաղթին, Մարտիրոսյանն արձագանքեց, թե ներգաղթի համար գործուն, առարկայական հնարավորություններ պետք է ստեղծվեն, պետք է բարելավվի օրենսդրական դաշտը, որպեսզի Հայաստանը հրապուրիչ դառնա սփյուռքահայերի համար՝ գործարարությամբ զբաղվելու առումով։

«Սակայն մենք այսօր այնպիսի «հրաշալի» պայմաններ ենք ստեղծել, որպեսզի տեղի ունենա ոչ թե ներգաղթ, այլ արտագաղթ։ Մենք չենք մտածում ներգաղթի մասին, քանի որ իշխանությունների գործելաոճն այսօր հետեւյալն է. «Հայաստանի քաղաքացի դու դո´ւրս գնա Հայաստանից, աշխատի այդտեղ, փող ուղարկիր Հայաստանում ապրող քո հարազատին, որ մենք գերթանկացումների կամ այլ լծակների միջոցով այդ գումարները կողոպտենք եւ գերշահույթներ ստանանք»,- ասաց նա:

Ասուլիսին ներկա մեկ այլ պատգամավոր՝ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, նշեց, որ երկպալատանի խորհրդարան ստեղծելու գաղափարն ընդամենը միտք է, որը դրվել է շրջանառության մեջ եւ հետագայում ավելի մանրամասն կխոսվի դրա նպատակների մասին։

Մեկ այլ բանախոս էլ՝ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նշեց, թե երկպալատանի պառլամենտ ունենալու գաղափարն առաջին անգամ առաջ են քաշել իրենք՝ դեռեւս 2007 թվականին եւ դա օրենսդրական գործունեության արդյունավետ համակարգ կլինի։ Ըստ Հովհաննիսյանի՝ եթե իրագործվի այդ գաղափարը, ապա խորհրդարանի ստորին պալատի ձեւավորումը պետք է տեղի ունենա 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի միջոցով։         

Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխությամբ երկպալատանի խորհրդարան ստեղծելու Սերժ Սարգսայնի մտադրության մասին  հայտարարեց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Կալիֆորնիայում հայ համայնքի բոլոր կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, այդ քայլով հնարավորություն կստեղծվի որ աշխարհասփյուռ հայությունը մասնակից դառնա մեր երկրի պետական կառավարմանը:

Նրա այս հայտարարությունից հետո մեկնաբանությամբ հանդես եկավ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:

Վերջինս նշել է, որ դեռ 2010թ մայիսին  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկում էր տեղի ունեցել Հայաստան-Սփյուռք  կապերի ընդլայնման ուղիների մասին եւ առաջարկվել էր խորհրդի անդամներին մեկ տարի անց գաղափարներ ներկայացնել այդ առնչությամբ:

«Սա հնարավոր առաջարկներից մեկն է, որ բազմաթիվ ուրիշների շարքում արժանի է քննարկման»,-հայտարարել էր Արզումանյանը: