«Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը խախտել է Սերժ Սարգսյանի հետ նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը, այն է՝ սեպտեմբերի 17-ին կայացած քաղաքական ուժերի ղեկավարների եւ նախագահի խորհրդակցությունից հետո հրապարակել է փակ դռների ետեւում հնչած կարծիքները: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:
«Ինչպես գիտեք, հանրապետության ղեկավարի կողմից նման ձեւաչափով քաղաքական կուսակցությունների նախագահների հետ հանդիպումները, փոխադարձ պայմանավորվածությամբ, անցկացվում են այսպես կոչված „օff the record“ կամ „առանց հղումների“ ռեժիմում, մի բան որն ընդունված է ողջ աշխարհում: Թե ինչո՞ւ է Արամ Կարապետյանը որոշել հղումներ կատարել երեկվա խորհրդակցության ժամանակ հնչած կամ իրականում չհնչած կարծիքներին ու մտքերին, դժվարանում եմ պատասխանել: Թերեւս ճիշտ կլինի այդ մասին հարցնել իրեն»,- նշել է Ֆարմանյանը եւ հավելել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդի փուլին նվիրված այս խորհրդակցությունը ընդհանուր թվով երրորդն էր նախագահի կողմից նախաձեռնած թեմատիկ խորհրդակցությունների շարքում. «Սակայն սա առաջին դեպքն է, որ խորհրդակցությանը մասնակից քաղաքական կուսակցության ղեկավարը, փաստորեն, խախտում է փոխադարձ պայմանավորվածությունը»:
Հիշեցնենք, որ Արամ Կարապետյանը նախօրեին բարձրաձայնել էր նախագահի մասնակցությամբ խորհրդակցություններին մասնակցած մի քանի քաղաքական ուժերի կարծիքը։




























