Ավստրալիայի երեք առանցքային նախարարներ հրաժարական են տվել՝ աջակցելով իշխող Լիբերալ կուսակցության կոալիցիայի արտահերթ նիստ հրավիրելու պահանջին՝ «ղեկավարության նկատմամբ անորոշության վերացման» համար: Ֆինանսների նախարար Մաթիաս Քորմանը, կապի եւ արվեստների նախարար Միթչ Ֆայֆիլդը եւ զբաղվածության ու նորարությունների նախարար Միքելիա Քեշը այս մասին հայտարարել են հինգշաբթի օրը Քանբերեում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է Sky News Australia հեռուստաալիքով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Զրկվելով միանգամից երեք նախարարի աջակցությունից ԼԿ-ից՝ երկրի վարչապետ եւ կուսակցության առաջնորդ Մալքոլմ Թյորնբուլն արդեն այսօր կարող է հայտնվել հրաժարականի հեռանկարի առջեւ:  Երեք ժամ առաջ նախկին ներքին գործերի նախարար, լիբերալ Փիթեր Դաթոնը հայտարարել էր, որ մտադիր է երեք օրվա ընթացքում երկրորդ անգամ վիճարկել Թյորնբուլի առաջնորդությունը կուսակցությունում: Այս մաիսն Դաթոնը գրել էր իր Twitter- ում:

Նրա կարծիքով՝ վարչապետն այլեւս չի կարող ունենալ կուսակցության մեծամասնության աջակցությունը եւ պետք է զիջի առաջնորդությունը: Այս կապակցությամբ Դաթոնը դիմել է Թյորնբուլին՝ պահանջելով հավաքել կուսակիցներին՝ արդեն այսօր կրկին քվեարկություն անցկացնելու համար:

«Ես խնդրել եմ նրան նիստ հրավիրել, որին մարտահրավեր կնետե Լիբերալ կուսակցության ղեկավարությանը»,- գրել է Դատթոնը: Նրա դիրքորոշումը կիսում է գործող կառավարության նախարարների մի մասը: