Չին եւ ամերիկացի հնագետները Չինաստանի տարածքում աստիճանավոր բուրգով եւ մարդկային զոհաբերությունների հետքերով լքված քաղաք են հայտնաբերել: Իրենց գտածոների մասին գիտնականները պատմել են Antiquity ամսագրում հրապարակված հոդվածում: Քաղաքը գոյություն է ունեցել մոտ 500 տարի՝ իր ամենահաջող տարիներին ընդգրկելով մինչեւ 400 հա տարածք:

Բուրգը զարդարված է մարդու եւ միաժամանակ կենդանու աչքերի եւ դեմքերի պատկերներով: Այն բաղկացած է 11 աստիճանից, իսկ վերեւում  նախկինում փայտե սյուներով եւ կղմինդրասալիկներով տանիքներով շենքեր եւ մեծ ջրամբարներ են եղել: Հայտնաբերված գտածոները ցույց են տալիս, որ բուրգի գագաթին առօրեական կյանք էր ընթանում: Այստեղ, ըստ հետազոտողների, ապրել են քաղաքի տիրակալները:

Զոհաբերությունները շատ տարածված էին քաղաքում. հետազոտողները գանգերով լի բազմաթիվ փոսեր են հայտնաբերել: Դրանց վերլուծությունը ցույց է տվել, որ մնացորդների մի մասը պատկանում այլ քաղաքի բնակիչներին. գուցե այդ մարդիկ գերիներ են եղել, փոխանցում է «Գազետա»-ն: