Եգիպտոսում իրադարձությունների պատճառը սոցիալական բունտն է, եւ դժվար թե այն ֆինանսավորվի դրսից: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Քաղաքական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հայկ Քոչարյանը:
Փորձագետի խոսքով, ներկայիս նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցներն ավելի լավ են պատրաստված, ու չնայած դրան Մուբարաքի օրերը նախագահի պաշտոնում հաշվված են: «Ով էլ որ իշխանության գա Եգիպտոսում, առաջիկա 5 տարիները լինելու են ներկայիս իրավիճակի հետեւանքների վերացման տարիներ»,- հայտարարել է փորձագետը: Նա քիչ հավանական է համարել, որ իշխանության գան իսլամիստները: «Այդ երկրում իսլամիստներին համակրում են բնակչության 15 տոկոսը»,- հայտնել է Քոչարյանը:
Խոսելով այլ տարածարջանների վրա արաբական Աֆրիկայի իրադարձությունների հնարավոր ազդեցության մասին, փորձագետը նշել է. «Աշխարհն իրենից միասնական ցանց է ներկայացնում, եւ մի մասում խռովությունները արտացոլվում են մյուսի վրա»,- ասել է Քոչարյանը՝ կանխատեսելով, որ Հայաստանում հարկ է սպասել քաղաքական իրավիճակի սրացման:
Փորձագետն ասել է, որ Կահիրեի համալսարանում մի քանի հայ ուսանողներ են սովորում, որոնք, սակայն, անվտանգության մեջ են:




























