2011 թվականը հայ-թուրքական գործընթացի մասով զարգացումներ չի խոստանում՝ պայմանավորված Թուրքիայում ընտրական տարի լինելու փաստով։ Փետրվարի 3-ին լրագրողներ հետ հանդպման ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Նախքան հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները՝ թուրքերն այս մասով ոչինչ չեն ձեռնարկի։ Հայ-թուրքական գործընթացում առաջընթաց հնարավոր է միայն սեպտեմբերից՝ կապված Աղթամարի եկեղոցում տեղի ունենալիք արարողությունների եւ Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաօծման հետ։ Սրան հակառակ՝ այս տարի կակտիվանան հայ-թուրքական կրթական եւ առեւտրային կապերը»,- նկատեց թուրքագետը:
Անդրադառնալով Թուրքիայի՝ «զրո խնդիր հարեւանների» հետ կարգախոսին՝ Շաքարյանը նկատեց, որ այն, կարելի է ասել, սահմանվել է միայն Հայաստանի համար։ «Իր հարեւաններ Սիրիայի, Լիբանանի, Իրանի, ինչպես նաեւ Բալկանների հետ Թուրքիան, այսպես, թե այնպես, լավ հարաբերությունների մեջ է, եւ հարաբերություններ չունի միայն Հայաստան ի հետ։ Սակայն միաժամանակ, այդ երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն լավ հասկանում է, որ քանի դեռ Թուրքիան հարաբերություններ չունի Հայաստանի հետ, բացառվում է նաեւ Հայաստանի վրա նրա ազդեցությունը։ Իսկ եթե չկա ազդեցություն, ապա Թուրքիան անկարող է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջան ի միջեւ միջնորդի դեր ստանձնել»,- ասաց թուրքագետը:
Ամփոփելով՝ նա նկատեց, որ նոր արձանագրությունների կնքման կամ եղածներ վերաթարմացման համար «պատուհան կա» մինչեւ 2015 թվականը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ «Սակայն չի բացառվում, որ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին թուրքերն անսպասելի կերպով բացեն հայ-թուրքական սահմանը՝ սրանով հօդս ցնդեցնռլով մեր ամենազորեղ խաղաքարտը»,-բացատրեց Շաքարյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը կարող է ճանաչել ոչ շուտ, քան 10-15 տարի անց։





























