Գյուղմթերքների արտահանմամբ զբաղվով «Սպայկա» ընկերությունը կառավարությունից հարկային արտոնություն ստացավ։ Կառավարության այսօրվա՝ փետրվարի 3-ի նիստում որոշվեց «Սպայկա»-ին թույլ տալ՝ ներդրումային ապրանքների ներմուծման համար հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգել հետաձգել մինչեւ 2014թ. փետրվարի 1-ը։
«Սպայկա»-ն Հայաստանից արդեն իսկ արտահանում է թարմ մրգեր եւ բանջարեղեն, որոնց նախնական արագ սառեցման, տեսակավորման, փաթեթավորման եւ պահեստավորման համար ներմուծել են մոտ 11 մլն դոլարի չափով սարքավորումներ եւ տրանսպորտային միջոցներ:
«Սպայկա»-ն նախատեսում է Հայաստանում կառուցել համապատասխան տեխնոլոգիաներով հագեցած մոտ 24 հեկտար ջերմոցային համալիր։ Այդ ծրագիրը կիրականացվի երեք փուլով` 5.2 հեկտար` 2011թ.-ին, 10 հեկտար` 2012թ.-ին եւ 8.8 հեկտար 2013թ.:
Ընկերության մյուս խոշոր ծրագիրը վերաբերում է մրգի-բանջարեղենի վերամշակման արտադրամասին։ Այնտեղ արտահանման նպատակով կարտադրվեն կոմպոտ, ջեմ եւ չիր։
Այդ ծրագրերի շնորհիվ գյուղմթերքի արտահանման ծավալը կհասցվի 70 հազար տոննայի, կստեղծվի հավելյալ 500 աշխատատեղ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի ընթացքում հայտարարեց, որ այս ծրագրերը գյուղատնտեսության համար կունենան կարեւորագույն նշանակություն։




























