Եգիպտոսում այս օրերին տեղի ունեցող ժողովրդական շարժման «Հաց, ազատություն, արժանապատվություն» կարգախոսը կարող է աշխատել նաեւ Հայաստանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 4-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նա նշեց, որ այսօր Հայաստանում նույնպես առկա է հացի, ազատության եւ արժանապատվության խնդիր, ինչը նունպես կարող է հասունանալով մի օր ցասման պատճառ դառնալ:  Սակայն, ըստ Արզումանյանի, ամեն ժողովուրդ ինքն է որոշում իր ազատության հարցը:

ՀԱԿ ներկայացուցիչը  արձանագրեց, որ  Հայաստանում ներկայումս շատ է խոսվում այն մասին, թե արդյոք կա՞ ժողովրդին առաջնորդող անձ, ով պետք է գեներացնի առկա դժգոհությունները, մինչդեռ մասնավորապես Եգիպտոսի, Թունիսի դեպքերը վկայում են, որ երբ ժողովրդի սացումը հասնում է իր գագաթնակետին, առաջնորդի խնդիրն այլեւս վերանում է: Նրա խոսքով՝ ժողովուրդն ինքնակազմակերպվում է եւ դնում իր պահանջները:

Արզումանյանի խոսքով՝ այսօր հայաստանյան ընդդիմադիր դաշտում կա առաջնորդ, որի հեղինակությունը մինչ օրս ոչ ոք  կասկածի տակ չի դրել:

Հայաստանի նախկին ԱԳ նախարարը բարձր գնահատեց Հայաստանում այսօր՝ փետրվարի 4-ին ի պաշտպանություն եգիպտացի ցուցարարների, Եգիպտոսի դեսպանատան առաջ կազմակերպվելիք ակցիան: «Տրամաբանական կլինի, որ Հայաստանի ընդդիմությունն աջակցի այդ ակցիային: Եթե աշխարհում տեղի ունեցող հեղափոխական շարժումների նկատմամբ քար լռություն պահպանելու  ՀՀ իշխանությունների պահվածքը հասկանալի է, ապա անհասկանալի է, երբ նման դեպքերում  սսկվում է բռնապետության դեմ պայքարող ուժը»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Նա նաեւ որոշակի նմանություններ եւ տարբերություններ նշեց Եգիպտոսում ընթացող  եւ Հայաստանում 2008 թվականին տեղի ունեցած դեպքերի միջեւ: Ըստ այդմ՝  երկու երկրներում էլ ժողովրդական ցասումը ինքնաբուխ էր:  Եւ եթե Հայաստանում  մարտյան դեպքերի ժամանակ գործի դրվեցին սադրիչներն ու բանդիտները,  ապա Եգիպտոսում նույն առաքելությունը կատարեցին ձիավորներն ու ուղտերը, բանտերից ազատ արձակված քրեական տարրերը:  Սակայն, ի տարբերություն Հայաստանի, Եգիպտոսում բանակը չհանվեց ժողովրդի դեմ եւ նախանձելի չեզոքություն պահպանեց:

Եւ որպես ամփոփում նախկին ԱԳ նախարարը նշեց. «Եթե 32 տարի իշխելուց հետո  Մուբարաքի պես բռնապետներն են վռնդվում, ապա պուճուրիկ բռնապետներին վռնդելու հարցն ավելի հեշտ լուծելի է»: