Լեհաստանում ձերբակալել են մի տղամարդու, որին կասկածում են երկրի վարչապետ Դոնալդ Տուսկին սպառնալու և նրա վրա հարձակում նախապատրաստելու մեջ։ Այդ մասին կիրակի օրը հայտնել է ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկին, տեղեկացնում է Associated Press-ը։

Իշխանությունները չեն բացահայտել ձերբակալվածի ինքնության և ենթադրյալ հարձակման բնույթի մանրամասները։

«Հարձակումով սպառնացող տղամարդը ձերբակալված է», — գրել է Տուսկը X սոցիալական ցանցում՝ շնորհակալություն հայտնելով ոստիկանությանը արագ և վճռական արձագանքի համար։

Ավելի վաղ կիրակի օրը Լեհաստանի ոստիկանությունը հայտնել էր Տուսկի և ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի վրա հարձակման նպատակով հնարավոր դավադրության մասին տեղեկություն ստանալու վերաբերյալ։

Լեհաստանի հատուկ ծառայությունները համակարգող նախարարի ներկայացուցիչ Յացեկ Դոբժինսկին հայտարարել է, որ իշխանությունները իրավիճակին ծայրահեղ լրջությամբ են վերաբերվում։ Ըստ նրա, սպառնալիքների իրագործման հավանականությունը գնահատվում էր բարձր։

Սպառնալիքների մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ տեղեկությունը նախ ստացվել էր Պետական պահպանության ծառայությունում, ապա փոխանցվել էր ոստիկանությանը։ Կիրակի օրը տեղի է ունեցել արտակարգ խորհրդակցություն՝ հատուկ ծառայությունների, ոստիկանության և ՆԳՆ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Դոբժինսկին նաև նշել է, որ հատուկ ծառայությունները յուրաքանչյուր ամիս ստանում են ավելի ու ավելի շատ տարբեր սպառնալիքներ։

Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Ադամ Շլապկան տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ Տուսկը հնարավոր սպառնալիքի մասին իմացել է կիրակի վաղ առավոտյան։ Ըստ նրա, թեև պաշտոնյաները պարբերաբար սպառնալիքներ են ստանում, այս դեպքը հատուկ մտահոգություն է առաջացրել։

Լեհաստանը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում՝ երկրի կենտրոնական մասում գտնվող Մազովեցկի վոևոդության դպրոցներում դանակով մի քանի հարձակումների ֆոնին։ Այս շաբաթվա չորս օրերի ընթացքում տեղի է ունեցել երեք միջադեպ, որոնց հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ շատերը վիրավորվել են, այդ թվում՝ երեխաներ։

Վարշավայի մտահոգության ևս մեկ գործոն շարունակում են մնալ Ռուսաստանի կողմից հնարավոր հիբրիդային հարձակումների վերաբերյալ վախը։ Սեպտեմբերին Տուսկը զգուշացրել էր ՆԱՏՕ-ի արևելյան թևում նման գործողությունների հավանական ուժեղացման մասին։ Նրա կարծիքով, Ռուսաստանը կարող է ծրագրել անօդաչու թռչող սարքերով կամ հրթիռներով հարվածներ եվրոպական այն երկրներին, որոնք աջակցում են Ուկրաինային, որպեսզի թուլացնի Արևմուտքի օգնությունը Կիևին։ Մոսկվան հերքում է նման ծրագրերի առկայությունը։