Կոսովոյի ինքնավար հանրապետության նախագահ Հաշիմ Տաչին, խորհրդարանի նախագահ Կադի Վեսելին, վարչապետ Ռամուշ Հարադինայը եւ կառավարության փոխնախագահները հինգշաբթի օրը կայացած արտահերթ հանդիպմանը որոշում են կայացրել Սերբիայի իշխանությունների հետ չքննարկել տարածքների փոխանակման հարցը Բրյուսելում կայանալիք բանակցություններում: Այս մասին լրագրողներին հայտնել է Հարադինայը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սեպտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսվում է Տաչիի եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի միջեւ բանակցությունների հերթական փուլը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինինիի միջնորդությամբ: Մոգերինին չորեքշաբթի հայտարարել էր, որ «բարդ, սակայն հնարավորություններ բացող» բանակցություններ է ակնկալում Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ: Բրյուսելից, Պրիշտինայից եւ Բելգրադից ավելի վաղ ազդանշաններ էին հնչում առաջնորդների միջեւ «սահմանները շտկելու» պայմանավորվածությունների ձեռքբերման, տարածքների փոխանակման կամ Կոսովոյում եւ Մետոհիայում սերբերի եւ ալբանացիների միջեւ սահմանները որոշելու վերաբերյալ:





























