Իմ կոնստրուկտիվ քննադատությունից հետո վարչապետի որոշման մեջ փոփոխություն եղավ, ինձ վերադարձրին Հայաստան-ԵՄ համաձայնագրի միջգերատեսչական հանձնաժողովի կազմ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 «Վարչապետի որոշմամբ ինձ հանել էին ստեղծված հանձնաժողովից, բայց իմ կոնստրուկտիվ քննադատությունից հետո խորհրդարանը ներգրավվեց, վարչապետի որոշման մեջ փոփոխություն եղավ, ես վերադարձվեցի կազմ: Ինչպես առիթ ունեցել եմ ասելու, ոչ ինձ են լավություն արել՝ ընդգրկելով այս աշխատանքային խումբ, ոչ ես եմ լավություն անում կառավարությանը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացումը այս կառավարության գերակայություններից մեկը պետք է լինի. «Դեռ մինչեւ կառավարության ծրագրի հաստատումը ես քաղաքական հայտարարություն եմ արել՝ առաջարկելով Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացումն ընդգրկել որպես կառավարության ծրագրի մաս: Ցավոք, կառավարությունը ոչ միայն դա չարեց, այլեւ մինչ այսօր գործուն քայլեր համաձայնագրի իրականացման հետ կապված չեն ձեռնարկվել»,- ընդգծեց Աշոտյանը՝ հիշեցնելով, որ այսօր Հայաստան-ԵՄ համաձայնագրի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստն է: