Պետությունը 85 մլն դրամով կրճատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆինանսավորումը, եւ դա թատրոնին ծանր հարված է հասցրել: Այս մասին օգոստոսի 30-ին թատրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Տնօրենի խոսքով՝ թատրոնի հետ կապված խնդիրներն ինքը հաճախ ստիպված է անձամբ լուծել: «Մեր տանիքը կաթում է: Այն պետք է վերանորոգեին, բայց այդպես էլ չարվեց, քանի որ միջոցները չբավականացրին... Ստիպված ենք թատրոնի ծախսերը մեր հաշվին անել, քանի որ պետությունը մեզ չի օգնում: Ինչպես ինձ ասացին, պետությունն ուղղակի փող չունի»,- պարզաբանեց Կոնստանտին Օրբելյանը:

Մեներգիչ Մկրտիչ Բաբաջանյանն իր հերթին հաստատեց, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը բավականին սահմանափակ հնարավորություններ ունի: «Մենք մեկ շատ մեծ խնդիր ունենք, մենք Հայաստանում ընդամենը մեկ օպերային թատրոն ունենք: Գերմանիայում, օրինակ, կա 74 թատրոն: Այսինքն՝ նրանց հնարավորությունները զգալիորեն մեծ են: Մեկ ուրիշ հարց էլ կա: Մեզ մոտ Կոնսերվատորիան տարեկան 30-40 երգիչ է ավարտում: Ինչպե՞ս կարող ենք նրանց բոլորին աշխատանքով ապահովել»,- պարզաբանեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ մեծ թվով օպերային թատրոններ որոշակի չափով լուծում են այս եւ շատ այլ խնդիրներ: Ընդ որում՝ նա ընդգծեց, որ Վիեննայի օպերայի եւ բալետի թատրոնում տարեկան բեմադրում են մինչեւ 300 բեմադրություն եւ 43 օպերա, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դրանք զգալիորեն քիչ են: Սա, մեներգչի կարծիքով, կապված է Հայաստանում եւ մասնավորապես թատրոնում ցածր աշխատավարձերի հետ, ինչը մարդկանց ստիպում է իրենց ժամանակը ոչ միայն փորձերին տրամադրել, այլեւ զբաղվել այլ կարգի գործունեությամբ, երկրորդ աշխատանք փնտրել, որպեսզի կերակրեն իրենց եւ իրենց ընտանիքին:

«Եվ դու չես կարող այս մարդկանց ստիպել, որ փորձի գան, քանի որ աշխատավարձը չի բավականացնում: Գործիքների հետ կապված խնդիրներ էլ կան: Դրանցից որոշները լարված չեն, լարերը կտրված են, եւ մարդիկ հաճախ ստիպված են լարերն ինքնուրույն ձեռք բերել»,- դժգոհեց Բաբաջանյանը: