ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ Վարուժան Ավետիսյանի անչափահաս որդուն առեւանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ Ա. Պետրոսյանի մասով:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 20-ին «Էրեբունի» թանգարանի մոտակայքում բողոքի ակցիային մասնակցող անչափահաս տղային՝ Դավիթ Ավետիսյանին մոտեցել է «Նիսսան Տիանա» մակնիշի գերմանական համարանիշներով ավտոմեքենա, որից դուրս են եկել մի քանի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ եւ փորձել նրան բռնի ուժով նստեցնել ավտոմեքենան, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Ա.Պետրոսյանը՝ ծնված 1989թ.:
Որոշում էր կայացվել՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել հետախուզում:
Ա.Պետրոսյանը հուլիսի 20-ին ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով։
Ա.Պետրոսյանի մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Միջադեպին առնչություն ունեցած մյուս անձանց մասով քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:





























