Այս տարվա սեպտեմբերի 1-ին ընդառաջ Հայաստանում դպրոցական պարագաների շուկայում իրարանցում չի նկատվում: Նման կարծիք օգոստոսի 30-ին կայացա մամուլի ասուլիսին հայտնեց  «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Նրա խոսքով՝ ուսումնական տարվան ընդառաջ շուկայական բում է նկատվել 5-6 տարի առաջ, սակայն վերջին 2-3 տարվա ընթացքում բնակչությունն այդքան էլ ակտիվ չի գնում դպրոցական պարագաները՝ աստիճանաբար նախընտրելով դպրոցականների համար ձեռք բերել մայն անհրաժեշտ իրերը:

Ուստի, շարունակեց նա, սեպտեմբերի 1-ին ընդառաջ վերջին 5 օրվա ընթացքում դպրոցական պարագաների եւ հագուստի շուկայում գների բարձրացումը չի գրանցվել, մարդիկ նախընտրում են աստիճանաբար գնել, ինչպես նախորդ տարիների դեպքերում էր, սակայն, այնուամենայնիվ, դպրոցականներին ուսումնական տարվան նախապատրաստելոը համար հարկավոր է առնվազն 35 հազար դրամ ախսել, ընդ որում, ուսումնական տարվա ընթացքում նոր ծախսեր եւս լինում են:

Ինչ վերաբերում է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ դպրոցներում սեւ եւ սպիտակ հագուստն այսուհետ պարտադիր չէ, Կարեն Չիլինգարյանը նշեց, որ ցանկալի կլինի, որպեսզի որոշակի սահմանափակումներ լինեն, որպեսզի դպրոցներում հասարակության սոցիալական շերտավորումը աչքի չզարնվի: