ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը կպահպանի իր պաշտոնը առնվազն մինչեւ նոյեմբեր, սակայն Ինդիանա նահանգում հանդես գալով իր կողմնակիցների առաջ՝ նա զգուշացրել է, որ կմիջամտի, եթե Արդարադատության նախարարությունը եւ Հետաքննությունների դաշնային բյուրոն չկատարեն իրենց աշխատանքը, գրում է Reuters–ը։

Թրամփը Bloomberg News–ի հետ հարցազրույցում նշել է, որ Սեշնսը, որին ինքը բազմիցս քննադատել է այն բանի համար, որ գլխավոր դատախազը կենտրոնացել է ռուսական հետքի որոնման վրա, կպահպանի պաշտոնը մինչեւ նոյեմբերյան ընտրությունները։ ԱՄՆ առաջնորդը հրաժարվել է ասել՝ կմնա՞ Սեշնսը պաշտոնին դրանից հետո, թե՞ ոչ։

Ավելի ուշ հանդես գալով Էվանսվիլ քաղաքում կողմնակիցների առաջ՝ Թրամփը հայտարարել է, որ Արդարադատության նախարարության եւ Դաշնային հետախուզությունների բյուրոյի ղեկավարությունը կանխակալությամբ է մոտենում հանրապետականներին, եւ մարդիկ դժգոհ են. «Ես կցանկանայի մի կողմ քաշվել, բայց ինչ–որ պահի, եթե ամեն ինչ այնպես չընթանա...Ես կմիջամտեմ»։

Պատասխանելով հարցին այն մասին, թե կհամաձայնի նա ցուցմունք տալ, եթե Մյուլերը ուղարկի նրան օրակարգը, Թրամփը Bloomberg News–ի հետ հարցազրույցում ասել է. «Տեսնենք, թե ինչ կլինի։ Ես այլ կերպ եմ իրավիճակին նայում»։

«Ես դա անօրինական հետաքննություն եմ համարում, քանի որ մեծ գիտակներն արդեն ասել են, որ հատուկ դատախազ նշանակել պետք չէր»,–նշել է նա։

Նախագահը նախորդ շաբաթ կրկին քննադատել էր Սեշնսին։ Նա թվիթերում գրել էր, որ գլխավոր դատախազը երբեք ամբողջությամբ չի վերահսկել Արդարադատության նախարարությունը։

Մի քանի օրենսդիրներ Հանրապետական կուսակցությունից ավելի վաղ ենթադրել են, որ Թրամփը նոյեմբերի 6-ի ընտրություններից հետո կփոխի Սեշնսին։