ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է երեք քաղաքացու առեւանգման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) խափանման միջոցը փոխելու բողոքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց պաշտպաններից Ռաֆայել Ամիրխանյանը:

Նա նշեց, որ Վերաքննիչի որոշումը դեռ չեն ստացել, սակայն  առանց ստանալու էլ իրենց կարծիքով  դատարանն «անհիմն» որոշում է կայացրել, քանի որ կալանքի տակ պահելու որեւէ հիմնավորում թե´ առաջին ատյանի դատարանում, թե´  Վերաքննիչում չի ներկայացվել:

Պաշտպանը նաեւ հայտնեց, որ իրենք դատարան են ներկայացրել ի պաշտպանություն Արթուր Ասատրյանի 50 հազար քաղաքացիների ստորագրությունը, որը ոչ մի եկրպ չի ազդել Վերաքննիչի որոշման վրա:

Արթուր Ասատրյանի փաստաբանի խոսքով՝ իրենք կդիմեն ՀՀ Վճռաբել դատարան եւ ներպետական ատյանները սպառելուց հետո կդիմեն նաեւ ՄԻԵԴ:

Նշենք, որ Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: