Այն, որ Ռուսաստանը պաշտպանում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, սա չի նշանակում, որ չի պաշտպանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Եթե հիշում եք ՌԴ-ն ավելի շատ աշխատել է կացնային ռեժիմով, օրինակ՝ ապրիլյան օրերին ընդհանրապես չխառնվեցին, ավելին՝ իրենց պահեցին մաքսիմալ դիվանագիտական եւ միջազգային չափանիշներին համապատասխան, որից հետո ընդունեցին Նիկոլ Փաշինյանին եւ,կարծես թե, խնդիր չկար։ Բայց, որ հիմա կա խնդիր, ես դա տեսնում եմ: Բայց այն սեպտեմբերի 8-ի հանդիպումից հետո կարող է շատ արագ լուծվել կամ ընդհակառակը՝ խորանալ: Նայած ինչպիսին կլինեն հարաբերություններն ու հետագա քայլերը»,–նշեց քաղտեխնոլոգը։
Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե պաշտոնական Մոսկվան անհանգստացած է Հայաստանում «10-ամյա վաղեմության» գործերի բացմամբ, շատ լուրջ քաղաքական մեսիջներ է պարունակում:
«Ռուսական մամուլը մեծ ազդակներ է տվել մինչ Լավրովի հայտարարությունը: Բավական կոշտ գնահատականներ են տվել, որոշ դեպքերում չափերն անցել են: Իհարկե, տարբեր էլիտաներ կան, տարբեր շահեր կան, բայց մամուլը չի կարող հենց այնպես գրել: Եթե ասվում է, որ եղել են պայմանավորվածություններ՝ չկպնել նախկին իշխանություններին, չեն կարող պատահական լինել, ուրեմն եղել են: Լավրովը չի կարող հենց այնպես ասել, որ այդ խոստումները խախտվում են»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ՌԴ-ում ապրող հայ գործարարներին ներքին կարգով ասված է, որ Հայաստան գումար չուղարկեն։
Նրա կարծիքով՝ միայն ՌԴ–ի հետ հարաբերություններում առկա խնդիրները չեն, որոնց պետք է ուշադրություն դարձնել. «Մեր հարաբերություններն այնպես չէ, որ փայլուն են ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Իրանի հետ»,–եզրափակեց նա։





























