Հնդկաստանը եւ ԱՄՆ-ն համաձայնել են համատեղ զորավարժություններ անցկացնել: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Նիրմալա Սիտարամանը Դելի ժամանած Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսի եւ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո:

AFP-ի փոխանցմամբ, 2019 թվականին նախատեսվող զորավարժությունները կանցկացվեն միաժամանակ օդում, ցամաքում եւ ծովում: «Մենք որոշեցինք առաջին անգամ Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժություններ անցկացնել 2019 թվականին Հնդկաստանի արեւելյան ափին», - ասել է Սիտարամանը:

Պոմպեոն հանդիպումը գնահատել է որպես հատուկ եւ պատմական, որը թույլ է տվել երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի հասցնել:

Երկու երկները նաեւ ստորագրել են «Համատեղելիության եւ անվտանգության հաղորդակցության մասին համաձայնագիր» (COMCASA), որը թույլ կտա երկու երկրներին արագ եւ անվտանգ զգայուն ռազմական տեղեկատվություն փոխանակել: