Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ սեպտեմբերի 6-ին ժամը 19:25-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 51 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ահազանգողը հայտնել է, որ, հնարավոր է, ներսում քաղաքացի կա: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը և «ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրաին կազմակերպության փրկարարները՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 բժիշկների հերթապահ խումբը:
Փրկարարները նշված շենքի 37-րդ բնակարանում հայտնաբերել են 83-ամյա Սեդա Վախտանովային, ով տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները մարել են բնակարանում առաջացած կրակը, որտեղ հայտնաբերվել է ամբողջությամբ այրված փոշեկուլ:





























