ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի մանրամասները:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի բաժնից հաղորդում էր ստացվել առ այն, որ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գտնվող «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 01.35-ի սահմաններում դիմակավորված անձը, զինված ատրճանակով, գույք հափշտակելու նպատակով, հարձակում է գործել «Վիվառո Բեթ» բուքմեյքերական ընկերությանը պատկանող Երեւան քաղաքի Ավան Սաֆարյան փողոցի 410̸3 հասցեում գտնվող գրասենյակի վրա, որից հետո ապօրինի կերպով մուտք է գործել գրասենյակի օպերատորի համար առանձնացված սենյակ եւ նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել սեղանի վրա դրված 200.000 ՀՀ դրամը եւ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործերի քննության շրջանակներում ձեռնարկված ՕՀ միջոցառումների արդյունքում ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀ բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված ավազակային հարձակումը կատարել է 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացին: Պարզվել է նաեւ, որ հանցագործության կատարման ժամանակ, որպես տրանսպորտային միջոց օգտագործվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան, որի վրա տեղադրված են եղել կեղծ համարանիշեր:
Միջնորդություն է ներկայացվել ավտոմեքենան խուզարկելու թույլտվություն ստանաու մասին: Ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ իր փամփշտատուփով:
06.09.2018 թ.՝ ժամը 10:01-ին ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիկր բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացին՝ ավազակային հարձակում կատարեու կասկածանքով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կասկածյալը հրաժարվել է ցուցմունք տալուց:
Նախաքննությունը շարունակվում է:





























