ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կողմ է վարչապետի առաջարկած եկամտահարի համահարթեցման տարբերակին։ 

Ճշտող հարցին՝ ինչու են զարգացած երկրներում նախընտրում մեծ եկամուտ ստացողից շատ եկամտահարկ վերցնել, փոքր եկամուտ ստացողից՝ քիչ, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Զարգացած երկրներում 90 տոկոսից բարձր ցուցանիշով աշխատավարձի թաքցնելու ցուցանիշ չկա, ամբողջովին գրանցված աշխատողներ են եւ ամբողջովին պարզ հարկային վճարումներ են, մենք խնդիր ունենք, որ քաղաքացու հետ պայմանավորվում են՝ 200 հազար դրամ վճարեն, ձեւակերպում են 100 հազար»։

Այս մեխանիզմը պատգամավորը համարում է խորհրդային համակարգի ժառանգություն։

«Մենք շարունակում ենք պետությանը վերաբերվել որպես վերացական հասկացության, եթե մենք դիտարկենք այն երկրները, որոնք խորհրդային համակարգով չեն անցել, նույնիսկ այդ խնդիրը չեն էլ ունեցել, այդտեղ ցանկություն չի եղել որեւէ մեկին բարձր աշխատավարձ վճարել եւ ցածր ձեւակերպել»,–պարզաբանեց նա։

Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ եկամտահարկի համահարթեցումը հենց խրախուսման այն մեխանիզմն է, որը բերում է «սպիտակ» աշխատավարձի. «Ի վերջո, բոլորը պետք է հասկանան, որ եթե համատարած 23 տոկոս է, եւ հատկապես թաքցնողները բարձր աշխատավարձ վճարողներն են, այլեւս չեն ցանկանա թաքցնել, որովհետեւ եթե պետք է 36 տոկոս վճարեին, հիմա 23 են վճարում, իրենք ուրախությամբ կգան հարկային դաշտ»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում եկամտահարկի փոփոխման երկու տարբերակ էր ներկայացրել, միաժամանակ շեշտելով՝ ընտրությունը պետք է ժողովուրդը կատարի։

Ներկայում հարկման երեք սանդղակ է գործում։ Մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարում են 23 տոկոս եկամտահարկ, 150 հազարից 2 միլիոն դրամ ստացողները՝ 28 տոկոս, իսկ 2 միլիոնից ավելի ստացողները 36 տոկոս եկամտահարկ են վճարում։ Նոր կառավարության առաջարկած առաջին տարբերակով առաջարկվում է մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը դարձնել 20 տոկոս, իսկ դրանից ավելի ստացողներին հարկել 25 տոկոսով: Երկրորդ տարբերակով առաջարկվում է բոլորի համար սահմանելէ 23 տոկոս եկամտահարկ՝ անկախ աշխատավարձի չափից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ ինքը երկրորդ տարբերակի, այսպես կոչված, համահարթեցման կողմնակիցն է։ «Այսօրվա համակարգը խրախուսում է ցածր աշխատավարձը, ասում է՝ գործատու՛, եթե դու հանկարծ բարձր աշխատավարձ տաս, ես քեզ շատ եմ հարկելու: Մենք համահարթեցմամբ, ըստ էության, խրախուսում ենք բարձր աշխատավարձը»,- ասել էր վարչապետը: