Ղրիմը եւ Սիրիան համագործակցության համաձայնագրեր են մշակում, որը նախատեսում է ստեղծել աշխատանքային հանձնաժողովներ եւ առեւտրային տներ, ինչպես նաեւ մտադիր են բարելավել ծովային հաղորդակցությունը: Այս մասին Դամասկոսում միջազգային տոնավաճառի շրջանակում հայտարարել է տարածաշրջանի փոխվարչապետ, Ռուսաստանի նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, այս հարցերը գործնական զարգացում կստանան հոկտեմբերին հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովի Սիրիա այցի ժամանակ:
«Մենք սկսել ենք քննարկել հարցեր, որոնք զգալի տնտեսական արդյունքներ կտան, որոնք օգտակար կլինեն ղրիմցիների եւ սիրիացիների համար», - ասել է նա: «Դա, մասնավորապես, անմիջական առեւտրային գործառնություններ են, որոնք հատկապես կարեւոր են, հաշվի առնելով Ղրիմի եւ Սիրիայի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցները»:
Բացի այդ, խոսքն ուղղակի ծովային հաղորդակցության կարգավորման մասին է, առաջին հերթին, բեռնային՝ Ղրիմի յոթ նավահանգիստների եւ Սիրիայի նավահանգիստների միջեւ այն պայմաններում, երբ դրանք պատժամիջոցների պատճառով մինչեւ վերջ չեն բեռնաթափվում, հայտնել է գործակալության զրուցակիցը:




























