Եգիպտոսի եւ Միացյալ Նահանգների զինված ուժերը շաբաթ սկսել են համատեղ զորավարժություններ «Վառ աստղ-2018» (Bright Star - 2018) անվանումով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ-Ահրամ» թերթին:
Մանեւրներին, որոնք կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 20-ը, կմասնակցեն նաեւ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Հորդանանի, Իտալիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի եւ Ֆրանսիայի ցամաքային զորքերի, նավատորմի եւ օդային ուժերի ստորաբաժանումները:
Որպես դիտորդներ են հրավիրվել Հնդկաստանի, Իրաքի, Կանադայի, Քենիայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Լիբանանի, Պակիստանի, Ռուանդայի, Սենեգալի, Տանզանիայի, Ուգանդայի, Չադի եւ Հարավաֆրիկայյան Հնարապետության ներկայացուցիչները:
Եգիպտոսի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Թամեր ալ-Ռիֆայը, ավելի վաղ հայտարարել էր, որ զորավարժությունները նախատեսված են ներգրավված պետությունների շրջանում ամրապնդել «համագործակցությունը անվտանգության ոլորտում եւ ահաբեկչության դեմ պայքարում» եւ ուղղված են «ավանդական եւ ոչ ավանդական պատերազմների ժամանակ տարբեր սպառնալիքների դեմ հակազդեցության» սցենարների մշակմանը:
«Դրանք կնպաստեն նաեւ ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի միջեւ ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը», - ասել է նա:




























