Իրաքն անընդունելի է համարում իր տարածքում հարձակումները՝ առանց Բաղդադում իշխանությունների հետ նախնական համաձայնության։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով արաբական հանրապետության ԱԳՆ-ի հայտարարությանը, որը մեկնաբանել է Իրանի կողմից երկրի հյուսիսի վրա իրականացրած կրակահերթերը։

«Մենք անընդունելի ենք համարում Էրբիլ նահանգի Քեյ-Սանջակ շրջանում հասցված հարձակումները, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել ու տուժել»,- ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես շաբաթ օրը հայտնել է Rudow հեռուստաալիքը, կրակահերթերն իրականցվել են իրանական զինյալների կողմից Էրբիլ նահանգի Քեյ-Սանջակ շրջանում՝ Իրաքյան Քրդստանի տարածքում։

Նշվում է, որ կրակահերթերի թիրախը եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում արգելված Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցության շտաբը։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ մահացել է 11-ից 16 մարդ, 40-ը վիրավորվել են: