ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը պատրաստ է ստի դետեկտորով ստուգում անցնել՝ ապացուցելու, որ ինքը The New York Times թերթում անանուն հոդվածի հեղինակը չէ։ Հոդվածում խոստովանություն էր այն մասին, որ Դոնալդ Թրամփի մի շարք որոշումներ փաստացի սաբոտաժի են ենթարկվել հենց իր աշխատակազմի մի մասի կողմից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Փենսի հարցազրույցը Foх News հեռուստաընկերությանը, որը հեռարձակվել է կիրակի օրը։
«Ես անմիջապես կհամաձայնեի և կանցնեի ցանկացած ստուգում, որն աշխատակազմը կցանկանար անցկացնել»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։ Նա նշել է, որ հարցն այն է, թե արդյոք արժե ամերիկացի պաշտոնյաներին ստիպել նման ստուգումներ անցնել, պետք է Թրամփը որոշի։
Փենսը նաև ընդգծել է, որ հոդվածի հեղինակը, եթե նա «աշխատակազմի բարձրաստիճան անդամ է, խախտել է երդումը, սակայն ոչ թե նախագահին, այլ սահմանադրությանը»։




























