Հրամանատարի դաժան ծեծի պատճառով սեպտեմբերի 1-ին մահացած 18-ամյա Արամ Մկրտչյանի դեպքի առթիվ բացահայտվել են մանրամասներ:
Ինչպես արդեն գրել էր NEWS.am-ը, 18-ամյա զինծառայողին օգոստոսի 28-ի առավոտյան վաշտի հրամանատար Անդոկ Գալստյանը դաժան ծեծի էր ենթարկել` վարժությունը չկատարելու պատճառով, որից հետո նրան ծանր վիճակով տեղափոխել էին Պաշտպանության նախարարության զինվորական կենտրոնական հոսպիտալ, որտեղ էլ սեպտեմբերի 1-ի վաղ առավոտյան Մկրտչյանը մահացել էր: Անդոկ Գալստյանը դեպքից անմիջապես հետո ձերբակալվել էր քրեական օրենսգրքի 372 հոդված 2-րդ մասով՝ իշխանազանցություն:
Արամ Մկրտչյանի զարմիկ Նորիկ Նորիկյանը, որը նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք կասկածներ ունեին, որ Անդոկ Գալստյանից բացի Արամ Մկրտչյանին ծեծել են այլ հրամանատարներ, ինչը կարճ ժամանակ անց հաստատվեց:
Նախաքննական մարմինը պարզել է, որ, մինչ Անդոկ Գալստյանը, նախ զինվորին ծեծի է ենթարկել գնդի պատասխանատու Մամիկոն Վարդանյանը, որը երեկ ժամը 12-ին ձերբակալվել է եւ այժմ գտնվում է Վարդաշենի մեկուսարանում: Բացահայտվել են մանրամասներ նաեւ ծեծի պատճառի վերաբերյալ: Արամ Մկրտչյանը ուշ զարթնելու համար նախ առավոտյան ծեծվում է կապիտան Գալստյանի կողմից, այնուհետեւ ուշացած գնում շարահրապարակ, որտեղ ներկա է լինում Մամիկոն Վարդանյանը: Երբ զինվորները կատարել են վազք վարժությունը, Արամը սուր ցավերի պատճառով նրանցից մի քանի մետր հետ է մնացել: Գնդի պատասխանատու Վարդանյանը հրահանգել է արագ վազել: Երբ Արամը հրահանգը չի կատարել, Մամիկոն Վարդանյանը հարվածել է զինվորի գլխին եւ որովայնին, որից հետո Արամի պատճառով նկատողություն արել վաշտի հրամանատար Գալստյանին: Վերջինիս վիրավորել է նկատողությունը եւ նա որոշել է դաժան հաշվեհարդար տեսնել Արամ Մկրտչյանի նկատմամբ:




























