Հայաստանում այս տարվա ընթացքում արդեն գրանցվել է բոտուլիզի 8 դեպք Արարատի, Շիրակի մարզերում եւ Երեւանում: Նրանցից 3-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, մնացածի վիճակը բավարար է գնահատվում: Այս մասին փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առողջապահության նախարարության հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:

Նրա խոսքով, դեռեւս 2010-ի դեկտեմբերին արձանագրվել էր բոտուլիզի 2 դեպք՝ բավական բարդացած աստիճանի, որից մեկը մահվան ելք է ունեցել:

«Բոտուլիզմը զարգանում է տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից: Առավելագույն վտանգ է ներկայացնում աղտոտված մթերքների օգտագործումը: Եթե անհնար է խուսափել դրանցից, ապա օգտագործումից առաջ անհրաժեշտ է րոպե եռացնել ապակե տարայի պարունակությունը եւ օգտագործել 20-25 րոպե հետո»,- ասաց նա:

Վանյանը նաեւ կոչ արեց բնակչությանը հնարավորության սահմաններում, օգտագործել գործարանային պահածոներ, քանի որ դրանք մշակվում են 120-130 աստիճան ջերմաստիճանի ներքո, ինչն անհնար է տնային պայմաններում:

Միաժամանակ նա նշեց, որ բոտուլիզիմի մասին բնակչությանն արված զգուշացումներն արդյունք են տալիս. Եթե 2005-2006 էէ ամեն տարի արձանագրվել է 25-30 բոտուլիզմի դեպք, ապա այդ ցուցանիշը նվազել է տարեկան 10-12-ի:
Նշենք, որ տնային պայմաններում պահածոներ պատրաստելիս պետք է պահպանել հետեւյալ կանոնները. Մրգերը, մթերքները, հատապտուղներն ու սունկը պետք  էլավ լվանալ հողից, չի կարելի պահածոյացնել արդեն հնացած մթերքները, իսկ մինչ պահածոյացնելը պետք է դրանք եռացնել 20-25 րոպե: