NEWS.am-ը հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի հետ խոսել է այն մասին, թե Սիրիա մարդասիրական առաքելություն սկսելու՝ Հայաստանի որոշումն ինչպե՞ս կանդրադառնա Երեւանի եւ Արեւմուտքի հարաբերությունների վրա, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա:
Սիրիայում հումանիտար առաքելությանը միանալու Երեւանի որոշումն ինչպե՞ս կազդի Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։
Նախ՝ պետք է մինչև վերջ ծանոթանալ հայտարարված մասնակցության ձևաչափին, որովհետև առայժմ միայն ուրվագծերն են հայտնի: Պետք է հասկանալ՝ այդ մասնակցությունը կոնկրետ ի՞նչ է ենթադրում։ Հայաստանի Հանրապետությունը պատմականորեն մասնակցել է ՆԱՏՕ-ի տարբեր խաղաղապահ գործողությունների՝ Իրաքում, Աղֆանստանում, Կոսովոյում, բայց դրանք խաղաղապահ առաքելություններ են երկրներում, որտեղ ռազմական գործողություններ այլևս չեն մղվում, ինչը նշանակում է, որ մենք անմիջականորեն չենք բախվել հակամարտության որևէ կողմի հետ։
Սիրիայի դեպքում ռազմական գործողությունները շարունակվում են մի կողմից՝ ՌԴ-ի ու Իրանի և նրանց աջակցությունը վայելող սիրիական կառավարական ուժերի միջև, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի, Թուրքիայի և արաբական որոշ երկրների, առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող հակակառավարական ուժերի միջև։ Այսինքն՝ ռազմական գործողությունները դեռ ավարտված չեն։ Այս պայմաններում Հայաստանի համար հիմնական վտանգն այն է, որ մենք կարող ենք ներքաշվել այդ ռազմական գործողությունների մեջ մեկ ուժի կողմից՝ մյուս կողմի համար խնդիրներ ստեղծելով, և մյուս կողմն էլ կսկսի մեզ համար խնդիրներ ստեղծել։ Այդ վտանգը գոյություն ունի, և ես կարծում եմ՝ մեր արևմտյան գործընկերների արձագանքը չի ուշանա, երբ նրանք հասկանան՝ խոսքն ինչի մասին է։ Եթե խոսքը գնում է բժիշկների հումանիտար առաքելության մասին, դա մի բան է և նորմալ է, այլ բան է, եթե խոսքը ռազմատեխնիկական մասնագետների մասին է, որոնք ապահովելու են ռազմական գործողությունները, ականազերծելու են, ականապատելու են, ինժեներական աշխատանքներ են իրականացնելու: Դա մեզ մղելու է ռազմական գործողությունների գոտի, որը լուրջ վտանգներ է պարունակում։
Այս քայլը չի՞ նշանակում, որ Երևանը դրանով փորձում է մեղմել Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում առկա լարվածությունը։
Հայ-ռուսական հարաբերություններում ակնհայտ լարվածություններ կան, որքան էլ վարչապետը պնդի, որ դրանք փայլուն են, կարծում եմ՝ ոչ մի լուրջ փորձագետ այդպես չի ընկալում։ Հիմա պետք է այդ լարվածությունը լիցքաթափել, դա նորմալ է, և ես ակնկալում եմ, որ մեր իշխանությունները կոնկրետ քայլեր ձեռնարկեն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերադառնան նորմալ հուն։ Այդ գործողություններն իրականացնելիս, մյուս կողմից, պետք է խոհեմ գտնվել, չանել այնպիսի քայլեր, որոնք մյուս գործընկերների հետ կարող են խնդիրներ ստեղծել։ Առաջին հերթին խոսքը Միացյալ Նահանգների ու Եվրամիության մասին է, որոնք տարածաշրջանում ներգրավված աշխարհաքաղաքական խաղացողներ են, և բոլոր դեպքերում չպետք է ձեռնարկվեն քայլեր, որոնք կվտանգեն նրանց շահերը։ Պետք է գտնել կոմպլեմենտար ճանապարհ, որտեղ մի կողմին օգուտ տալով՝ մյուս կողմին վնաս չենք տալիս։
Անկարայի և Մոսկվայի մերձեցումն ինչպե՞ս կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների և արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա։
Մոսկվան և Անկարան նույնիսկ մերձեցման պարագայում էլ անվերապահ դաշնակիցների չեն վերածվելու, քանի որ ՌԴ-ն և Թուրքիան տարածաշրջանում պատմականորեն եղել են աշխարհաքաղաքական հակառակորդներ, և նրանց շահերը շատ հարցերում հիմա էլ հակասության մեջ են։ Օրինակ՝ ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ Անկարան պարբերաբար կրկնում է, որ ինքը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում Ղրիմը որպես ՌԴ-ի մաս։ Սա նշանակում է, որ Անկարայի ու Մոսկվայի միջև լինելու է love-hate մոդելի հարաբերություններ, ինչ-որ պահի՝ սիրո, ինչ-որ պահի՝ ատելության։ Սակայն նրանք, ունենալով հակաարևմտյան ուղղություն, այժմ փորձելու են իրենց օրակարգերը համադրել, որը մեզ համար վտանագավոր է, որովհետև մենք պատմականորեն այն տրամաբանության մեջ ենք գործել, որ ՌԴ-ն ու Թուրքիան մշտապես հակադրված են, իսկ մենք էլ, որպես կանոն, ռուսամետ կողմնորոշում ունենք։ Սակայն պետք է հասկանանք, որ այդ տրամաբանության ֆունդամենտալ աքսիոմատիկան կարող է խախտվել։ Պատմության մեջ դա խախտվել է 1920 թվականին, երբ նրանք հայտնվել են նույն աշխարհաքաղաքական բևեռում։ Դրա հետևանքները մենք մինչև վերջ չգնահատեցինք, հայտնվեցինք աշխարհաքաղաքական մեկուսացման մեջ, և արդյունքում հսկայական կորուստներ ունեցանք։
Հիմա կարևորագույն խնդիր է, որ ՀՀ-ն չհայտնվի աշխարհաքաղաքական մեկուսացման մեջ, իսկ այդ վտանգը կա։ Դա կապված է մի քանի գործոնների հետ։ Նախ՝ արտաքին աշխարհում անբարենպաստ վերադասավորումների հետ։ Ներկայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան բլոկի միջև ընդհանրապես հարաբերությունները ծայրահեղ սրված են։ ԱՄՆ վարչակազմը սրում է հարաբերությունները նաև Իրանի հետ՝ միակողմանիորեն դուրս գալով միջուկային գործարքից, դա էլ տարածաշրջանի ապակայունացման լրացուցիչ գործոն է։ Մեկ այլ գործոն է Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների սրումը։ Երկար տարիներ Թուրքիան եղել է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հովանու ներքո, սակայն այսօր տեսնում ենք թուրք-ամերիկյան հարաբերությունների կտրուկ վատթարացում։ Այսինքն՝ ունենք բացառիկ մի վիճակ, երբ ԱՄՆ-ն սրում է հարաբերությունները տարածաշրջանի երեք հիմնական խաղացողների հետ, և դա նրանց կարող է մղել մերձեցման և հակաամերիկյան ճակատ ձևավորելու։ Սա մեզանից դուրս առաջացած խնդիր է, սակայն կարևոր է, որ մեր կառավարության ներսում ունենանք հայեցակարգային մոտեցումներ, որոնք հնարավորություն են տալիս այդ օբյեկտիվ բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել, ճիշտ մանևրել և նվազեցնել մեր կորուստները։ Առայժմ ես մտահոգություններ ունեմ, քանի որ չեմ տեսնում նման հայեցակարգային մոտեցում, համենայն դեպս, դա հստակ ձևակերպված չէ։
Հնարավո՞ր է՝ ԼՂ-ն դառնա խաղաքարտ։
Որպես կանոն, աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները խուսափում են անմիջական առճակատումից։ Այսինքն՝ Իրանը չի ներխուժում Թուրքիայի տարածք, Թուրքիան չի ներխուժում ՌԴ տարածք, ՌԴ-ն չի ներխուժում ԱՄՆ տարածք, փոխարենը ստեղծում են բուֆերային գոտիներ, որտեղ իրենք մրցում են իրար հետ։ Բուֆերային գոտու ամենադասական օրինակը Սիրիան է, որում այսօր կան ռուսական ռազմաբազաներ, իրանական ռազմաբազաներ, ամերիկյան ռազմաբազաներ, հյուսիսում գործում են թուրքական ուժեր, այսինքն՝ աշխարհաքաղաքական ուժի առնվազն 4 կենտրոն մի երկրի տարածքում ունի ռազմական ներկայություն, թեև նրանք փորձում են իրար հետ անմիջականորեն չբախվել։ Տեղական ուժերին են աջակցում՝ մարզում, շտաբային պատրաստություն են անցկացնում, հետախուզություն են իրականացնում, այսինքն՝ ամեն ինչ անում են, որ առաջնագծում իրար հետ կռվեն տեղական ուժերը՝ առաջ մղելով համապատասխան կենտրոնների շահերը։
Ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի ամբողջ հարավը, ցավոք, ևս շանսեր ունի այդպիսի բուֆերային գոտու վերածվելու։ Եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Արցախում, գերտերություններն այս անգամ կարող են անմիջականորեն միջամտել, և նրանց միջև բուֆերային գոտին կարող է արագ ներառել Հայաստանի ամբողջ հարավը՝ Արցախը, Սյունիքը, Նախիջևանը (որը ևս Հայաստանից ժամանակավոր խլված ու Ադրբեջանի պրոտեկտորատին հանձնված տարածք է)։ Այդպիսի վտանգ կա, և մեզ ամեն ինչ պետք է անել՝ դրանից խուսափելու համար, առաջին հերթին՝ սեփական պաշտպանական համակարգը ամրապնդելու և աշխարհաքաղաքական ուժի հիմնական կենտրոնների հետ կոմպլեմենտար ու խորը հարաբերություններ կառուցելու միջոցով։




























