Հայաստանում սոցիալական ճգնաժամ չկա, լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի նախագահ, հանրապետական Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով, կան միայն միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքներ, որոնք իշխանությունները փորձում են հաղթահարել: «Ինչ սոցիալական ճգնաժամի մասին կարող է խոսք լինել, եթե սոցիալական որեւէ ծրագիր չի դադարեցվել»,- հայտարարել է Աբրահամյանը: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ մերձավորարեւելյան երկրների իրադարձությունները չեն սպառնում Հայաստանին, քանի որ երկրում սոցիալական կոլապս չկա: «Իսկ ո՞ր երկրում, ո՞ր ընտանիքում խնդիրներ չկան»,- հարց է տվել Աբրահամյանը:
Խոսելով Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանի բազմամարդ միտինգների մասին` Աբրահամյանը հայտնել է, որ «բազմամարդ» հասկացությունը շատ լայն է: «Ես բազմակարծության կողմնակից եմ, յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի օրենքով սահմանված կարգով զանգվածային ակցիաներ անելու, ներկայացնելու հանրությանն իր հայացքները: Ժողովրդական կուսակցության միտինգների մեջ որեւէ սպառնալիք չեմ տեսնում»,- ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահը:




























