Այսօր՝ սեպտեմբերի 12-ին լրանում է Թուրքիայում 1980 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման 38 տարին։ Դրանից առաջ եւս երկու անգամ եղել են զինվորական հեղաշրջումներ։ 1960, 1971 եւ 1980 թվականների հեղաշրջումների հիմնական փաստարկը այն է, որ երկիրը շեղվում է Աթաթուրքի հռչակած ճանապարհից, մխրճվում է տեռորի եւ քաոսի մեջ։

Այդ պայմաններում Թուրքիայի զինվորականությունը իրեն իրավունք է վերապահել իրականացնել հեղաշրջումներ՝ երկիրը ահաբեկչությունից, քաոսից հանելու համար։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման հեղինակն այդ ժամանակվա Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենն է եղել։ Այնուհետեւ Քենան Էվրենը ընտրվում է Թուրքիայի նախագահ։ Թուրքիայի սահմանադրությամբ զինվորական հեղաշրջումները համարվում են ծանր հանցագործություններ։