Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով ամբաստանյալ Ռուզաննա Մկրտչյանի կրկնակի դատահոգեբանական փորձաքննության արդյունքները 6 ամիս անց դեռեւս չեն ստացվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Նաիրա Պետրոսյանը։

Նա հայտնեց, որ դատական նիստերը տեղի չեն ունենում, դրանք տեղի կունենան փորձաքննության արդյունքները ստանալուց հետո։

Նշենք, որ փորձագետներին առաջադրվել են հարցեր, թե տառապո՞ւմ է արդյոք Ռուզաննա Մկրտչյանը որևէ հոգեկան հիվանդությամբ կամ այլ խանգարմամբ, մեղսագրված արարքը կատարելու պահին չի՞ գործել արդյոք ժամանակավոր հոգեկան խանգարման վիճակում, կարո՞ղ էր արդյոք նա գիտակցել իր գործողությունների բնույթը,  ունա՞կ է արդյոք նա իր հոգեվիճակով ընկալել այն հանգամանքները, որոնք կարող են կարևոր նշանակություն ունենալ գործի հանգամանքների վերաբերյալ,  ունի՞ այնպիսի անձնական հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող էին էականորեն ազդել նրա վարքագծի վրա` մեղսագրված արարքը կատարելու պահին, ինչպիսի՞ հոգեկան վիճակում է գտնվում Ռուզաննա Մկրտչյանը, Ռուզանա Մկրտչյանը հանցանքը կատարելու պահին չի՞ գտնվել արդյոք աֆեկտիվ, կամ այլ հոգեկան խանգարման վիճակում, որը կարող էր ազդել նրա վրա։

Փորձագետներին առաջարկել են պատասխանել նաև այն հարցերին` որոնք կառաջանան փորձաքննության ընթացքում։

Նշենք, որ առաջին դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության  համաձայն ՝Ռուզաննա Մկրտչյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նա ճանաչվել է մեղսունակ:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դին՝ փաթաթված և կապկպված:

Սպանվածի կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն: