Միջազգային հանրությունը չի կարող լռել Իսրայելի կողմից միջազգային իրավունքի շարունակվող խախտումների պայմաններում։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը՝ ելույթ ունենալով Հռոմում Եվրոպական խորհրդարանների նախագահների համաժողովի հանդիպմանը, հայտնում է Anadolu-ն։
«Մենք չենք կարող անպատժելիություն թույլ տալ», — ընդգծել է Քուրթուլմուշը՝ կոչ անելով միջազգային հանրությանը ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ միջազգային իրավունքը պաշտպանելու համար։
Նրա խոսքով՝ Գազայի հատվածում երկարամյա հումանիտար աղետը և այնտեղ տեղի ունեցող ցեղասպանությունը ակնհայտորեն արտացոլում են կանոնների վրա հիմնված միջազգային կարգի քայքայումը։ «Մենք այլևս չենք կարող աչք փակել Գազայում և ավելի լայն տարածաշրջանում հումանիտար աղետի, ինչպես նաև պաղեստինյան ժողովրդի դեմ իսրայելական կառավարության կողմից իրականացվող մարդու իրավունքների աղաղակող խախտումների և մարդկության դեմ հանցագործությունների վրա», — հայտարարել է նա։
Նա ընդգծել է, որ Իսրայելի ագրեսիան չի սահմանափակվում միայն Գազայի հատվածով։
«Հորդանան գետի Արևմտյան ափում շարունակվում են ավերածությունները, մարդկանց իրենց տներից վտարելը և վերաբնակիչների կողմից գործադրվող բռնությունը։ Իսրայելը նաև շարունակում է սպառնալ տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Սիրիայի և Լիբանանի, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը», — նշել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը։
Նրա խոսքով՝ խորհրդարանները պետք է ավելի ակտիվ մասնակցեն Գազայի բնակիչների տառապանքներն ու միջազգային հումանիտար իրավունքի խախտումներն անհապաղ դադարեցնելու ջանքերին։
«Մենք համոզված ենք, որ խորհրդարանների համաձայնեցված գործողությունները կարող են ամրապնդել միջազգային իրավունքի պաշտպանության և շարունակվող խախտումներին հակազդելու միջազգային ջանքերը», — հայտարարել է Քուրթուլմուշը։





























