Երեկվա կուսակցությունների ղեկավարների հանդիպումը ՀՀ նախագահի հետ անցել է առողջ մթնոլորտում, նախագահը թույլ է տվել ազատ արտահայտվել, մտքեր փոխանակել, դրանցից մի քանի առողջները նույնիսկ գրի է առել։ Սա Դավիթ Հակոբյանի տպավորություններն են նախագահի հետ երեկվա հանդիպումից, որոնք այսօր նա ներկայացրեց լրագրողներին։

Հանդիպմանը Դավիթ Հակոբյանը արձանագրությունների վերաբերյալ իր նկատառումները ոտքի կանգնած է արտահայտել, ինչպես ինքն է ասում՝ ի տարբերություն մյուսների, պահելով եւ հարգելով քաղաքական արարողակարգը։

«Մարքսիստական» կուսակցության ղեկավարը երեկ իր խոսքն ավարտել է՝ արտգործնախարարին խնդրելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին փոխանցել իր ասածը.

«Մեծարգո արտգործնախարար, հաղորդեք իմ սիրելի Հիլարի Քլինթոնին, որ ավելի շուտ պղտոր Արաքսի ջրերը կանգ կառնեն, բայց պատմական Արցախի 7 ազատագրված տարածքները ազերի-թուրքերին չեն հանձնվի։ Ավելի շուտ երկու Մասիսները միմյանց կբախվեն, քան թե հայ ժողովուրդը կհրաժարվի Թուրքիայից նյութական եւ տարածքային պահանջներից»։