Հարցազրույց Հայաստանի Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի հետ։

Պրն. Ալավերդյան, Գյումրիում վրացական համարանիշներով մեքենաների տերերը բողոքի ակցիաներ կազմակերպեցին։ Բողոքում են, որ մեքենաների ներմուծման դեպքում մաքսազերծման գումարը բարձր է; Խնդիրը, ըստ ձեզ, գումարի չափի՞ մեջ է, թե՝ այլ է։

Ես հարցին մի քիչ այլ կերպ կմոտենայի։ Այս օրենքի ընդունումը («Մաքսային օրենսգրքում» փոփոխությունը,-Ս.Ա.) բոլորովին անակնկալ չէ մեր հասարակության համար։ Ե՜վ զանգվածային լրատվամիջոցներում, ե՜ւ խորհրդարանում բազմաթիվ քննարկումներ են եղել։ Շատ քաղաքացիներ այդ քննարկումների արդյունքում իրենց ժամանակավոր ներմուծված մեքենաները սկսել են մաքսազերծել։ Բայց վարորդների մի խումբ կա, որ, այնուամենայնիվ, ասում են՝ օրենքը կընդունվի, թե չի ընդունվի՝ մենք չենք մաքսազերծի։ Ես չեմ անդրադառնում այն հարցին, թե մաքսազերծումն ինչ բարդություններ է առաջացնում իրենց համար ֆինանսական առումով, դա երկրորդ հարցն է։ Երեկ ես հեռուստատեսությամբ լսեցի մեր վարորդներից մի քանիսին, որ ասում էին, թե նոր են իմացել օրենքի փոփոխությունների մասին, պատրաստ չեն միանգամից գնալ գումարը մուծել։

Ոչ, այդպես չի եղել, 6 ամիս այդ քննարկումները ընթացել են, սա նոր խնդիր չէ։ Օրենսդիրն էլ երբ օրենքն ընդունեց, ուժի մեջ դրեց ոչ թե հունվարի 1-ից, այլ փետրվարի 5-ից։ Ժամանակավոր ներմուծման ավարտը մի պահ պետք է գա; Այդ պահը եկել է, եւ դա փետրվարի 5-ն է։ Այսուհետ՝ բոլոր իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, ովքեր ավտոմեքենա են ներմուծում, պետք է իմանան՝ իրենց հնարավորություն է տրվում ժամանակավոր ավտոմեքենա ներմուծել 15 օրով եւ մեկ անգամ։

Վարորդները բողոքում են նաեւ, որ այդ ժամկետը շատ կարճ է։

Երբ ասում ենք կարճ է՝ պետք է ասենք՝ ինչի՞ համեմատ է կարճ։ Եթե մարդ նախապես տեղյակ է խաղի կանոններին, նախօրոք որոշում է կայացնում՝ ներմուծի՞, թե՞ ոչ, ունի՞ այդ միջոցները մաքսազերծելու համար, թե՞ ոչ։ Իհարկե՝ այս պահին մի խումբ վարորդների համար դժվար է, բայց ընդհանուր առմամբ մենք պետական խնդիրներ ենք լուծում։ Եւ բյուջետային խնդիր, եւ օրինականության խնդիր, եւ հավասարության ապահովման խնդիր։ Քաղաքացիների մի մասը ներմուծելիս մաքսազերծում է, մյուս մասը՝ ոչ։ Այդպես չպետք է լինի։ Կա նաեւ վերահսկողական խնդիր։ Եւ վերջապես՝ մեր հանրապետությունը ժամանակի ընթացքում վերածվում է հին մեքենաների գերեզմանոցի։ Հայաստանում 10-15 հազ. ավտոմեքենա շահագործվում էր վրացական համարանիշներով, ու գնալով այդ թիվն աճում էր։

Բայց հսկիչ գները չափազանց բարձր չե՞ն սահմանված։

Ներմուծվող ավտոմեքենաները պետք է մաքսազերծվեն բնականաբար իրենց մաքսային արժեքով։ Եթե ներմուծողը բավարար հիմքեր ունի՝ կիրառվում է 87-րդ հոդվածը՝ հիմք ընդունելով ինվոյսային արժեքը; Մաքսազերծման ժամանակ գանձվում է 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, 10 տոկոս մաքսատուրք եւ բնապահպանական վճարներ։ Բայց երբ մեքենաները ներմուծվում են այնպիսի երկրներից, որտեղ ձեռք բերման փաստը հնարավոր չի պարզել՝ կիրառվում են հսկիչ գներ։ Օրինակ՝ Արաբական Էմիրաթներից ներմուծված մեքենաների դեպքում։ Հսկիչ գինը պետք է բոլորի համար միատեսակ կիրառվի։ Եթե որեւէ մեկը կարող է ասել, թե իր ավտոմեքենան ավելի թանկ է մաքսազերծվում, քան՝ մյուսինը, մենք կարող ենք այդ հարցերին առանձին անդրադառնալ։

Նախկինում այդ հսկիչ գինը հրապարակում էիք, հիմա՝ ոչ։

Իմ անձնական կարծիքով՝ հսկիչ գնի հրապարակումը շատ սխալ էր։ Ավտոմեքենաները միմյանցից տարբերվում են բազմաթիվ հատկանիշներով։ Ժամկետի խնդիր կա, վնասվածության խնդիր կա, ավտոմեքենայի ներսում հագեցվածության խնդիր կա եւ այլն; Ինչ-որ կասկածամտության պես մի բան կա մաքսային մարմինների նկատմամբ։ Մեր հսկիչ գները բարձր չեն, դրանք համապատասխանում են այսօրվա շուկայական գներին։ իմ կարծիքով՝ հիմա այն ժամանակները չեն, որ հասարակական ներդրումները կատարվեն ավտոմեքենաների վրա։ Ճիշտ է՝ դա քաղաքացու ընտրությունն է, սակայն պետությունը խաղի կանոններ է սահմանում։ Տարեկան տասնյակ հազարավոր մեքենաներ են ներմուծվում, պետական բյուջեի լուրջ համալրում է տեղի ունենում։ Եթե մեր քաղաքացիները տարեկան մի քանի տասնյակ հազարավոր մեքենա են ներմուծում, ուրեմն այդ հնարավորությունները կան։ Իսկ եթե հնարավորությունները կան՝ ուրեմն պետք է վճարումները կատարել;

Հայաստանի հյուսիսային շրջանները եւ Վրաստանի հարավային շրջանները շատ ակտիվ տնտեսական կապերի մեջ են; Ըստ ձեզ՝ սույն օրենքը չի՞ խանգարի այդ կապերին։

Առաջիկա ամիսներին ընթացող գործընթացները մեզ կհուշեն, թե մենք ինչ խնդիրներ ունենք, այդ թվում՝ սահմանի վրա։ Հայաստան այցելող Վրաստանի քաղաքացու նկատմամբ որեւէ սահմանափակում չկա, խնդիրը Հայաստանի քաղաքացիների մասին է։ Նորմալ չէ, երբ Հայաստանի քաղաքացին տարվա մեջ մի քանի անգամ վրացական համարանիշով մեքենա է ներմուծում։ Եթե մեքենան մաքսազերծված է՝ կարելի է բազմաթիվ անգամներ գնալ Վրաստան եւ հետ գալ՝ որեւէ խոչընդոտ չկա։ Իսկ ինչո՞ւ անպայման Վրաստանի ավտոմեքենայով պետք է Հայաստան մուտք գործի։ Ուզում եմ հասկանալ՝ ինչու հենց վրացական համարանիշով...

Այնտեղ ավելի էժան է նստում...

Ուրեմն մենք եկանք մեր պետական շահերին։ Շատ բաներ կան, որ այնտեղ էժան է, բաներ էլ կան, որ մեր մոտ է էժան, իրենց մոտ թանկ է։ Իսկ ինչո՞ւ չեք ուզում մտածել, որ դա հատուկ է արված, նաեւ մեր անվտանգության խնդիր կա։ Կարո՞ղ է գալ մի օր, որ Հայաստանի բոլոր մեքենաները գրանցվեն Վրաստանում կամ այլ երկրում։ Տեսականորեն եմ ասում։ 10-15 հազարը արդեն որակ է կազմում, չի բացառվում , որ դա կարող է դառնալ 50 հազար կամ ավելին։ Իսկ պետական մարմինները որտե՞ղ են, որ այդ երեւույթի վրա ուշադրություն չդարձնեն։

Զրուցեց՝ Սամվել Ավագյանը