«Մենք ողջունում ենք Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների մասով վարած քաղաքականությունը, բայց ամեն հարցի լուծում իր գինն ունի, իսկ նման մեծ գնով հարցն, ով ասես, կարող էր լուծել»,- սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ հանդիսացող Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։
Որպես իր արտահայտած մտքի շարունակություն՝ Հովհ. Հովհաննիսյանը նշեց, թե ճիշտ կլիներ, որ Սերժ Սարգսյանը սկզբում «հաշտվեր» իր ազգի հետ, նոր միայն լծվեր Հայաստանին ու Թուրքիային «բարիշացնելու» պատասխանատու գործին։
Անդրադառնալով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին՝ լիբերալ կուսակցության նախագահը համոզմունք հայտնեց, որ դրանք հոկտեմբերի 14-ին, անկասկած, կներկայացվեն երկու երկրների խորհրդարաններ, բայց թուրքական խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, չի վավերացնի դրանք։ «Ամեն դեպքում, գործընթացը շատ լուրջ է, եւ մի բուռ չինովնիկների կամքը չէ, որ պետք է հաշվի առնել, այլ ողջ ժողովրդինը»,- նկատեց նա։
Հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը չմասնակցեց երեկ Սերժ Սարգսյանի՝ կուսակցապետերի հետ կազմակերպած հանդիպմանը, Հովհ. Հովհաննիսյանը պատասխանեց, որ դրանում զարմանալի ոչինչ չկա։ Իրենք նման հանդիպումների չեն գնացել եւ չեն գնա այնքան ժամանակ, քանի դեռ քրեակատարողական հիմնարկներից ազատ չեն արձակվել իրենց 19 ընկերները։ Նրա խոսքերով, երկու օր առաջ կայացած քաղխորհրդի նիստում իրենք հանդիպմանը գնալ-չգնալու հարցը նույնիսկ չեն էլ քննարկել, եւ ի պատիվ ՀԱԿ-ի՝ անդամ ոչ մի կուսակցություն վերջին պահին չի խախտել լուռ համաձայնությունը։
Վերջում խոսելով ՀԱԿ-ի՝ այսօր երեկոյան կայանալիք հանրահավաքի մասին՝ Հովհ. Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է լուրջ վերլուծություններ ներկայացնել հանրությանը»։



















