Պեկինն անհիմն զրպարտություն է անվանել ամերիկյան ընտրություններում Չինաստանի միջամտության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը: Այս մասին հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինձ թվում է, որ միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է, թե ով է ամենից շատ միջամտում այլ երկրների ներքին գործերին: Մենք խորհուրդ ենք տալիս Միացյալ Նահանգներին դադարեցնել Չինաստանի հասցեին նման անհիմն մեղադրանքները եւ զրպարտությունները », - ասել է դիվանագետը:
Գեն Շուանը նաեւ նշել է, որ Չինաստանի դիվանագիտական ավանդույթն է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը: «Մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ-ին հրաժարվել նման գործողություններից, որոնք կարող են բարդացնել չին-ամերիկյան հարաբերությունները եւ վնասել երկու երկրների հիմնական շահերին», - եզրափակել է նա:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասուլիսի ժամանակ հայտարարել էր ԱՄՆ-ի մոտ հանցանշանների առկայության մասին, որոնք ապացուցում են ամերիկյան ընտրական գործընթացին Չինաստանի միջամտելու մտադրությունը:
Նրա կարծիքով, Չինաստանը փորձում է ազդել նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրությունների վրա հանրապետականների հաղթանակին խոչընդոտելու եւ ԱՄՆ վարչակազմի առեւտրային քաղաքականությանը խանգարելու համար:




























