Միասնական տեղեկատվական համակարգը նպաստում է տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության, հրապարակայնության եւ արդյունավետության մեծացմանը։ Այս մասին սեպտեմբերի 27–ին լրագրողներին ասաց տարածքային կառավարման եւ զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ Երեւանում անցկացված «Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ. թափանցիկ, հաշվետու եւ քաղաքացիամետ ծառայություններ» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակում։

Նրա խոսքով՝ այս ծրագրային ապահովումը ներդրվել է արդեն 400 համայնքապետարաններում եւ դրանից օգտվում է ՏԻՄ գրեթե 4 հազար աշխատակից։ «Ծրագիրն ուղղակի փրկօղակ է հատկապես խոշորացված համայնքների համար, որտեղ քաղաքացիներն արդեն ստիպված չեն տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ծառայությունների համար հասնել հեռավոր կենտրոններ. սպասարկման տեղական գրասենյակներում, որտեղ այս ծրագիրը ներդրվել է, նրանք որակով եւ օպերատիվ ծառայություններ են ստանում»,– նշեց փոխնախարարը։

Նա հայտնեց, որ ընդհանուր առմամբ, գործում է այդպիսի 35 գրասենյակ, որոնք Հայաստանի 8 մարզերում բացվել են GIZ՝ «Հարավային Կովկասում արդյունավետ տեղական ինքնակառավարում» ծրագրի շրջանակում։ Առաջիկա 2 ամիսներին կբացվեն քաղաքացիների սպասարկման եւս 5 գրասենյակներ, իսկ մինչեւ տարեվերջ Հայաստանի մարզերի բնակչության 40 տոկոսը կկարողանա օգտվել մարզպետարանների որակյալ ծառայություններից։

Մեկ պատուհանի սկզբունքը, որով աշխատում են այս գրասենյակները, թույլ է տալիս ՏԻ մարմիններին դիմելիս խուսափել ավելորդ քաշքշուկից, իսկ միասնական տեղեկատվական համակարգը քաղաքացիներին հնարավորություն է տալիս առցանց ռեժիմում հետեւել, թե ինչ փուլում է գտնվում տվյալ դիմումը կամ նշել համայնքում առկա խնդիրները։

«Միասնական տեղեկատվական համակարգն ապահովում է քաղաքացիների ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը։ Այն բաղկացած է մի քանի բաղադրիչներից, մասնավորապես՝ համայնքի բյուջեի եւ գույքի, մարդկային ռեսուրսների, տուրքերի վճարման, տեղական ինքնակառավարման մարմինների գործառնությունների կառավարում»,– իր ելույթում նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության Տարածքային ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։

Միջոցառումը կազմակերպվել է «Հարավային Կովկասում արդյունավետ տեղական ինքնակառավարում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Միջազգային  համագործակցության գերմանական միությունը (GIZ) Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության, Շվեյցարիայի Զարգացման եւ համագործակցության գործակալության, ԱՄՆ Միջազգային համագործակցության գործակալության (USAID) համաֆինանսավորմամբ։