ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանին լի էր հակասություններով եւ արժանացել է մյուս երկրների առաջնորդների քննադատությանը։ Այսպիսի տեսակետ է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով Sabah–ը։
Նրա խոսքով՝ Թրամփի կողմից արտահայտած հայացքներն առաջ են բերել շատ առաջնորդների արձագանքն ու քննադատությունը. «Նրա ելույթներում շատ հակասություններ կային։ «Ես ուժեղ եմ, նշանակում է ճիշտ եմ» դիրքերից հնարավոր չէ արդար աշխարհակարգ կառուցել»,–հայտարարել է Էրդողանը։ Նա նշել է, որ Թրամփը, մեղադրելով մի քանի երկրներին սահմաններց դուրս ռազմական գործողությունների անցկացման մեջ, միաժամանակ պաշտպանում է Իսրայելի օկուպացիոն քաղաքականությունը։
Էրդողանը մեկնաբանել է Թրամփի հետ հանդիպումը ՄԱԿ ԳԱ շրջանակներում՝ ասելով, որ իրեն հաջողվել է միայն կարճատեւ զրույց ունենալ «ոտքի վրա»։ «Թրամփն ինձ ասաց՝ «Կտեսնվենք», բայց ես չգնացի ընթրիքին, որն այն կազմակերպել էր հետո»,–հայտնեց նա։




























