Թուրքիան «ահաբեկչական» խմբերի, այդ թվում` քրդական ապստամբների եւ 2016-ի հեղաշրջման փորձի հետ կապված անձանց դեմ պայքարում Գերմանիայի ավելի սերտ համագործակցությունն է ակնկալում: Այս մասին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը մեկ անգամ եւս հին երգն է սկսել այն մասին, որ Գերմանիայում ապրում են հազարավոր «քուրդ զինյալներ եւ իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հարյուրավոր կողմնակիցները», որին Էրդողանը մեղադրում է հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Նա կոչ է արել «Գյուլենի ցանցը» ահաբեկչական կազմակերպություն հայտարարել:

Թուրքիայում գերմանացի քաղաքացիների ձերբակալության մասին Բեռլինի քննադատության հետ կապված Էրդողանը Գերմանիային նաեւ կոչ է արել «հարգել Թուրքիայի դատական համակարգը»: