Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարսավիրանոցի դռան մոտ 10 րոպե սպասել է վարսավիրին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական internethaber կայքէջը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 18-ի առավոտյան այցելում է վարսավիրանոց։ Սակայն վարսավիրը տեղում չի լինում եւ Էրդողանը ստիպված մոտ 10 րոպե սպասում է վարսավիրին։ Վարսավիր Օզգյուրը հայտնեց, որ իմանալով, որ վարչապետն է գալու՝ գնացել էր նոր վարսավիրական պարագաներ գնելու եւ չի նկատել, որ ուշանում է։ Նա պատմության մեջ մտավ, որպես Թուրքիայի վարչապետին սպասեցնող միակ վարսավիրը։
Վարսավիր Օզգյուրը լրագրողներին պատմել է, որ սափրելու ընթացքում վարչապետի հետ խոսել են երկրի հոգսերից։ Թե ինչքան գումար է վերցրել վարչապետից, հարցին վարսավիր Օզգյուրը պատասխանել է, որ ինքը վարչապետից գումար չի ուզել, սակայն նա սեղանին գումար թողել է։



















