Թուրքական խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը այցելել է ծառայության մեջ գտնվող որդուն, ով ծառայություն է իրականացնում Էրզրումում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Internethaber կայքէջը։

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը ժամանել է Էրզրում տեսակցելու այնտեղ զինվորական ծառայության մեջ գտնվող որդուն։ Ալի Շահինը լրագրողներին հայտնել է, թե ինքը երջանիկ է, որ որդին զինվորական ծառայության մեջ է, բացի այդ նա ունի եւս մեկ որդի, որը նույնպես պատրաստվում է ծառայության մեկնել։ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը ասել է, որ հոկտեմբեր ամսին իրեն կհաջողվի եւս երկու անգամ որդուն տեսնել, քանի որ այդ ամսին Էրզրումից պետք է մեկնի Մուշի համալսարանի բացմանը եւ մեկ այլ միջոցառման նպատակով էլ Էրզրումից կմեկնի Արդվին։

Ավելի ուշ Ալի Շահինը ոտքով հասել է Էրզրումի քաղաքապետարան։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Էրզրումը (Կարին) Արեւմտյան Հայաստանի միակ քաղաքն է, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը թուրքեր են, ի տարբերություն այլ քաղաքների, որոնց բնակչությունը հիմնականում քրդեր են։

Ներկայիս Էրզրումի քաղաքապետարանի շենքը նախկինում եղել է հայտնի հայկական Սանասարյան վարժարանը։