ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու ազդեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տրամադրվածության եւ Դուշանբեում նրա վարքագծի վրա: Հոկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը՝ մեկնաբանելով Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարճ զրույցը:

Արամ Գ. Սարգսյանը շեշտեց, որ ռուսական կողմը շահագրգռված չէ տարածաշրջանի իրավիճակի լարմամբ: «Ավելի շուտ, խոսքն այն մասին է, որ նա Ալիեւին իր տեղը ցույց տվեց: Ինչ վերաբերում է անմիջական շփումների պայմանավորվածությանը, ապա շատ հարցեր իսկապես կարելի է կարգավորել եւ մինչեւ լարման չհասցնել»,- նշեց Սարգսյանը:

Նա, միաժամանակ, շեշտեց, որ այդքան պարզամիտ չէ՝ կարծելու համար, որ Ադրբեջանն իր հավակնություններից կհրաժարվի: «Առաջին հերթին, վտանգավոր է նախիջեւանյան ուղղությունը: Այդպես կուտակված սպառազինությունը կարող է ցանկացած պահին «պայթել»: Իսկ սա ամենավտանգավոր ուղղությունն է»,- նշեց Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 19-ին տեղի կունենա գործընկերների հետ ՀԴԿ կազմակերպած միջազգային համաժողով, որի ժամանակ նախատեսվում է իրավիճակի քննարկում: Համաժողովի արդյունքները, հավանաբար, կուղարկվեն նաեւ ՄԱԿ ԱԽ: